13:20  ,  3 սեպտեմբերի, 2015

Ռոբեն. Դուգլաս Կոստան պետք է դադարեցնի այդ կրկեսը

Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը քննադատել է գերմանական ակումբի նորեկ Դուգլաս Կոստային, հայտնում է sports.yahoo.com-ը:

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը դժգոհ է, որ բրազիլացի կիսապաշտպանը խաղում է հանդիսատեսի համար: Լեւերկուզենի «Բայերի» դեմ Բունդեսլիգայի երրորդ տուրի խաղում Կոստան 3:0 հաշվի ժամանակ գեղեցիկ հնարքով փորձել էր շրջանցել մրցակցին, ինչը դուր չի եկել Ռոբենին:

Հոլանդացին նշել էր, որ Կոստան պետք է դադարեցնի նմանատիպ հնարքներն ու հարգի մրցակցին, քանի որ այդ ամենը կրկեսի է նմանվում:

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան էլ իր հերթին պաշտպանել էր Դուգլաս Կոստային՝ նշելով, որ այդպիսի հնարքները խաղի մի մասն են, իսկ բրազիլացիներին կարելի է դա:

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը եւս պատասխանել է Ռոբենի քննադատությանը. «Ռոբենը քննադատե՞լ է իմ հնարքը. ես դա անելու եմ կրկին ու կրկին: Գվարդիոլան ինձ ազատություն է տվել իմ գործողություններում»,- ասել է Դուգլաս Կոստան, որն այս ամռանը Դոնեցկի «Շախտյորից» է տեղափոխվել «Բավարիա»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում