02:32  ,  3 սեպտեմբերի, 2015

Արայիկ Բաղդադյանը՝ Լաս Վեգասից. Աշխարհի առաջնությունների պատմության մեջ աննախադեպ մրցաշար է լինելու (ֆոտոշարք)

Աշխարհի առաջնությունում առաջինը մրցագորգ է դուրս գալու աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: Դավիթին ասել եմ՝ դու ես թիմի ավագը, պետք է գերազանց գոտեմարտես, որպեսզի թիմին տանես քո հետեւից: Տղաներն իրենց լավ են զգում Լաս Վեգասում, հոգեբանորեն պատրաստ են մրցագորգ դուրս գալուն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լաս Վեգասից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, ում գլխավորությամբ օգոստոսի 30-ից ազգային հավաքականը աշխարհի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքն է անցկանում ԱՄՆ-ում:

Սեպտեմբերի 7-12-ը Լաս Վեգաս քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի 7 քաշային կարգերում՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ) , Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

«Մենք գտնվում ենք Լաս Վեգասի Westage հյուրանոցում, որտեղ աշխարհի առաջնության օրերին կբնակվեն մասնակից երկրների հավաքականները: Սա ահռելի մեծ հյուրանոց է` բոլոր հարմարություններով, ունի շատ մեծ մարզադահլիճ, որտեղ էլ անցկացնում ենք մեր վերջին հավաքը: Սա համատեղ հավաք է, որին այս պահին մասնակցում է շուրջ 12 երկրների հավաքականներ, այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Բելառուսի, Հնդկաստանի, Կուբայի եւ այլ երկրների թիմեր:

Մարզումներն անցնում են շատ լավ, հետաքրքիր, բայց մենք այստեղ չենք եկել նոր բան սովորելու: Լաս Վեգասում հավաք անցկացնելու նպատակը եղել է զուտ բնակլիմայական պայմաններին հարմարվելը: 12 ժամի տարբերությունն իրականում շատ մեծ է եւ դժվար ընտելանալու համար: Առաջին օրը մարզվել գրեթե չէր լինում, մարզիկները հոգնած էին, մի տեսակ ծանրացած, հորանջում էին անդադար: Խախտվել է մեր գիշերն ու ցերեկը: Մենք քնում ենք շատ ուշ, նույնիսկ լուսադեմին, արթնանում ենք ուշ: Արդեն երկրորդ օրն է արթնանում ենք կեսգիշերն անց՝ ժամը 3-ին եւ այլեւս չենք կարողանում քնել: Տղաները առաջին օրերին չէին կարողանում հարմարվել, բայց արդեն այսօր աստիճանաբար լավ են, աշխույժ էին մարզումների ժամանակ, հոգնածություն, քնկոտություն չունեին: Մի քանի օրից արդեն ամեն ինչ իր տեղը կընկնի, եւ մենք լիարժեք պատրաստ կլինենք մրցագորգ դուրս գալուն:

Տղաները ունեն գերազանց մարզավիճակ, ամենակարեւորն այն է, որ վնասվածքներ չունենք, բոլորն էլ լավ են տրամադրված, բարձր տրամադրությամբ, հոգեբանորեն պատրաստ են:

Սա իսկապես աննախադեպ ուժեղ առաջնություն է լինելու աշխարհի առաջնությունների ամբողջ պատմության ընթացքում, քանի որ ամեն քաշային կարգի համար հայտավորված է ավելի քան 50 մարզիկ: Սա իսկապես չլսված երեւույթ է»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Առաջինը մրցագորգ է դուրս գալու Դավիթ Սաֆարյանը (65 կգ)՝ սեպտեմբերի 10-ին: Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ) եւ Էդգար Ենոքյանը (97 կգ) պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 11-ին, Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Լեւան Բերիանիձեն (125 կգ) եւ Գարիկ Բարսեղյանը (57 կգ)՝ սեպտեմբերի 12-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով