22:15  ,  2 սեպտեմբերի, 2015

ՖԻՖԱ-ն մերժել է «Գալաթասարային», որը չի հասցրել գրանցել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի տրանսֆերը

Ստամբուլի «Գալաթասարայը» չի հասցրել գրանցել Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Կեւին Գրոսկրոյցին, որը թուրքական ակումբին միացել էր ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ օգոստոսի 31-ին: 

Թուրքական կողմը գերմանացու տրանսֆերը գրանցել է 48 վայրկյան ուշացումով: «Գալաթասարայը» բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին, որն անցկացրել է հետաքննություն եւ պարզել, որ փաստաթղթերը չեն ուղարկվել ժամանակին, հայտնում է sporx.com-ը:

Այսպիսով, Գրոսկրոյցը կվերադառնա Դորտմունդի «Բորուսիա», քանի որ չի կարող «Գալաթասարայում» հանդես գալ մինչեւ հաջորդ տրանսֆերային պատուհանը, որը կբացվի ձմռանը: Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2016-ի հունվարին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում