21:57  ,  2 սեպտեմբերի, 2015

Անտոնի Մարտիալ. Չեմ զարմանում, որ Ռունին չի լսել իմ մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Անտոնի Մարտիալը պատմել է անգլիական ակումբից ստացած առաջին տպավորությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձել է անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիին, որը Ֆրանսիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինից հետաքրքրվել էր «Մոնակոյից» տեղափոխված ֆրանսիացի 19-ամյա հարձակվողի մասին:

«Բոլոր մտերիմներս ուրախ էին ինձ համար: Իհարկե, նրանց մի քիչ վախեցնում էր իմ տրանսֆերային արժեքը, սակայն ես ուշադրություն չեմ դարձնում դրան: Լուի վան Գալն ինձ հարցրել է, թե որ դիրքում եմ ցանկանում խաղալ: Ես նշեցի հարձակման կենտրոնը: Մարզիչն ասաց, որ ինձ կօգտագործի հարձակման ամբողջ երկայնքով:

Ռունին ասե՞լ է, որ չի լսել իմ մասին. ես զարմացած չեմ: Դա նորմալ է: Ես «Լիգա-1-ում» անցկացրել եմ 52 խաղ, իսկ Ֆրանսիայի ազգային հավաքականում դեռ չեմ խաղացել: Ուրախ եմ, որ այժմ Ռունիի հետ խաղում ենք նույն թիմում: Նա հիանալի ֆուտբոլիստ է»,- Մարտիալի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Հիշեցնենք, որ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Մարտիալը դարձավ Անգլիայի Պրեմյեր լիգայի պատմության ամենաթանկ ֆրանսիացին: Նրան ձեռք բերելու համար անգլիական ակումբը վճարել է 50 միլիոն եվրո, եւս 30 միլիոն «Մոնակոն» կարող է ստանալ բոնուսների տեսքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում