12:54  ,  2 սեպտեմբերի, 2015

Լեւոն Արոնյանը՝ Sinquefield Cup-ում հաղթելու եւ Բաքու մեկնելու մասին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ամերիկյան Սենթ Լուիսում կայացած Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով, ինչպես նաեւ անդրադարձել է Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը:

«Այս տարի սա իմ լավագույն նվաճումն էր: Սովորաբար ամեն տարի հաղթում եմ մեկ սուպերմրցաշարում: Նախորդ հաղթանակս Վեյկ Ան Զեեում էր 2014-ին: Այնպես որ այս տարվա ծրագիրն իրականացված է: Եկել է ավելիի մասին մտածելու ժամանակը:

Իհարկե, այսքան անհաջողություններից հետո պետք է ինքս ինձ ապացուցեի, որ դեռ ի զորու եմ ինչ-որ բանի: Իմ հոգեբանն իմ ընկերուհի Արիանեն է, իսկ շախմատային հարցերում ինձ օգնում է միջազգային վարպետ Աշոտ Նադարյանը: Վերջին շրջանում մենք բավական շատ ենք աշխատել միասին: Արդյունքները միանգամից չեկան, սակայն այժմ վերջապես ինչ-որ բան սկսվեց նշմարվել:

Իմ գլխավոր երկրպագուն մայրս է: Վերջին պարտիայում ես կասկածում էի եւ մտածեցի, որ պետք է ոչ ոքի խաղամ, որպեսզի ծնողներս հանգիստ գնան քնելու: Նրանք պարտիաներին հետեւում են Եվրոպայից, որտեղ արդեն ուշ ժամ էր:

Մեկ շաբաթից մեկնելու եմ Բաքու, իսկ աշխարհի գավաթի խաղարկությունից հետո կմասնակցեմ Բեռլինում կայանալիք արագ շախմատի աշխարհի առաջնությանը: Ցավոք, մեզ՝ շախմատիստներիս համար բարդ է երկրներին օգնել կոնֆլիկտը հարթելու գործում: Սակայն երաժիշտներն ու այլ ստեղծագործող մարդիկ գնում են Ադրբեջան որպես խաղաղության դեսպաններ, եւ ես եւս կհետեւեմ նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ հարեւան երկիրը, ցուցադրել իմ լավագույն խաղը եւ հաճույք պարգեւել երկրպագուներին»,- Արոնյանի խոսքը մեջբերում է chess-news.ru-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Բաքվում մեկնարկելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: ԱՄՆ-ի ներկայացուցիչների թվում են Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը: Sinquefield Cup-ում Հայաստանի հավաքականի առաջատարն 9 տուրերում հավաքեց 6 միավոր եւ մեկական միավոր առաջ անցավ 2-5-րդ տեղերը բաժանած 4 շախմատիստների, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում