11:47  ,  2 սեպտեմբերի, 2015

Գալիանի. Բալոտելին արմատապես փոխվել է

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է իտալական ակումբ վերադարձած Մարիո Բալոտելիի մասին:

«Մարիոն ֆանտաստիկ վերաբերմունք ունի գործին, նա արմատապես փոխվել է: Նա առաջինն է ներկայանում մարզմանը եւ վերջինն է հեռանում մարզաբազայից: Միխայլովիչը հաճախ ցանկանում է, որ ֆուտբոլիստները ժամը 8:30-ին ներկայանան մարզմանը, իսկ Բալոտելին գալիս է 30 րոպե շուտ: Գուցե նա իսկապես գիտակցել է, որ սա նրա վերջին շանսն է: Վստահ եմ, որ նա բաց չի թողնի դա: Եթե Մարիոն շարունակի նույն ոգով, ամեն ինչ լավ կլինի»,- Գալիանիի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ «Միլանը» մեկ տարով վարձակալել է Իտալիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» 25-ամյա հարձակվողին: Բալոտելին միլանյան ակումբում հանդես եկել էր նաեւ 2013-2014-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում