21:44  ,  1 սեպտեմբերի, 2015

Բարեգործական նոր ձեռնարկ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեղի կունենա բարեգործական ձեռնարկ, հայտնում է ՀՖՖ կայքը:

«Tecbuy» եւ «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը եւ Գրիգոր Ժաբուրյանը Հենրիխ Մխիթարյանին կնվիրեն իրենց հեղինակած «էրեբունի հավերժ» ոսկյա բացառիկ ինքնահոս գրիչը, որն արտադրվել է իտալական հնագույն գրիչների արտադրող Մոնտեգրապա (Montegrappa) ընկերության կողմից: Գրիչը թողարկվել է Շվեյցարիայի BaselWorld տոնավաճառում, որը ժամացույցների եւ ոսկերչական իրերի աշխարհի ամենամեծ տոնավաճառն է:

Գրիչի վրա պատկերված են հայկական խորհրդանիշեր՝ հայոց այբուբենը, նուռ, «Հավերժության անիվը», աղավնի, Զվարթնոցի եւ Էջմիածնի տաճարները եւ այլն:

Հենրիխ Մխիթարյանն այդ գրիչով կստորագրի գնդակներ, որոնք կնվիրաբերվեն հանդիսությանը ներկա «Հայկական Կարիտաս» ընկերության 30 շահառու երեխաների Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Երեւանից: Այդ երեխաներից տասը Հայաստանում հանգրվանած սիրիահայեր են:

Հենրիխ Մխիթարյանը բարեգործական ձեռնարկի ընթացքում կստորագրի նաեւ անվանական 2 մարզաշապիկներ եւ 20 գնդակներ, որոնք հետագայում կդրվեն բարեգործական աճուրդի, որից գոյացած գումարը կտրամադրվի Հայաստանի մանկատների սաներին:

Միջոցառման տեւողությունը է 30 րոպե, իսկ մուտքը՝ հրավիրատոմսերով: Մեդիայի ներկայացուցիչների համար մուտքն ազատ է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում