20:04  ,  1 սեպտեմբերի, 2015

Միհրան Հարությունյան vs Ռոման Ամոյան. Դպրոցական տարիների հիշողություններ (ֆոտո)

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամնեչ Միհրան Հարությունյանն ու Ռոման Ամոյանը սեպտեմբերի 1-ին խոստովանել են, որ դպրոցական տարիներին աչքի են ընկել ոչ կարգապահ վարքով, սակայն եղել են լավ սովորող։

«Իմ առաջին սեպտեմբերի 1-ը միշտ կհիշեմ, դա անմոռանալի օր էր։ Իմ առաջին զանգը եղել է Էջմիածնի թիվ 11 միջնակարգ դպրոցում։ Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես մայրս եւ մորաքույրս ինձ տարան դպրոց։ Շատ չար էի, շատ կռիվներ էի անում, ակտիվ էի, եւ հենց երկրորդ դասարանում հեռացրեցին, տեղափոխվեցի Էջմիածնի թիվ 6 դպրոց։ Երկրորդ դպրոցում ես շատ սիրեցի իմ դասղեկին՝ տիկին Ինջիղուլյանին։ Նրա շնորհիվ ես սիրեցի նաեւ դպրոցը, սովորելը։

Կյանքում կարեւոր է կրթություն ստանալը, բայց կան մարդիկ, որոնք կրթված են, սակայն չունեն ինտելեկտ, այս մարդկանց հետ կյանքում դժվար է լինում, նրանց հետ անհետաքրքիր է։ Իսկ ինտելեկտուալ մարդկանց հետ կարող ես կյանք անցնել։

Նոր սերնդին խորհուրդ կտամ, սովորել, կրթվել, գիտելիքներ ստանալ, բայց միշտ հետեւել մեծերի խորհուրդներին, փորձել ինտելեկտը զարգացնել փորձառուների հետ շփումներով, խորհուրդներով։ Խորհուրդ կտամ իմ պես չար չլինել, կարելի է չարություններ անել, ակտիվ լինել, բայց զսպված, կազմակերպված, կարգապահ լինեն ոչ միայն դպրոցում, այլ նաեւ բակում, փողոցում, տանը՝ ընտանիքում։

Սեպտեմբերի 1-ը կարեւորում եմ այնքանով, որ սա նոր կյանքի սկիզբ է։ Ինձ համար ամսի 1-ը դարձել է խորհրդանշանական, քանի որ աղջկաս ծննդյան օրն է նաեւ (փետրվարի 1)։ Անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է Մոնիկայիս ձեռքը բռնած տանեմ դպրոց՝ առաջին դասարան»,- պատմեց Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը։

Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյնանի առաջին սեպտեմբերի 1-ը եղել է Երեւանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում։

«Իմ հիշողության մեջ վառ տպավորվել է իմ առաջին սեպտեմբերի 1-ը։ Այդ օրը երեւի երբեք չեմ մոռանա։ Հիշում եմ, թե ինչպես մայրիկս ձեռքս բռնած, մյուս ձեռքիս էլ ծաղկեփունջ, տոնական հագնված առաջին անգամ գնացինք դպրոց։ Դպրոցի բակը մարդաշատ էր, ուրախ էի, որ նոր ընկերներ պետք է ունենամ, նոր խաղեր խաղամ։ Շատ չար եմ եղել, բայց լավ սովորող եմ եղել, սիրով եմ հաճախել դասերին։ Միակ խնդիրը վաղ արթնանալն էր։ Բոլոր աշակերտներին մաղթում եմ հարթ ճանապարհ կյանքի այս նոր փուլում»,- նշեց Ռոման Ամոյան։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Լաս Վեգաս մեկնելուց առաջ վերջին հավաքն է անցկացնում Երեւանում։ Թիմը պատրաստվում է ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Շուշանիկ Հակոբյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով