13:29  ,  1 սեպտեմբերի, 2015

Ադրբեջանը չի խոչընդոտի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանը «Գաբալայի» դեմ խաղին

Ֆուտբոլը թիմային խաղ է եւ հիմք է ընդունվում ոչ թե առանձին անձը, այլ ամբողջ թիմը, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիկմեթ Գաջիեւը՝ մեկնաբանելով Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր այցի հետ կապված քննարկումները։

«ՈւԵՖԱ-ի մրցաշարերում հանդես եկող յուրաքանչյուր երկիր պարտավորվում է կատարել ընդունված կանոնները, եւ այդ կանոնների համաձայն անցկացնել տնային հանդիպումները։ Ֆուտբոլի առանձնահատկությունը թիմային խաղն է։ Ադրբեջան կժամանի ոչ թե առանձին անձ, այլ թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան»։

Առաջին Եվրոպական խաղերին մասնակցել են Հայաստանի մարզիկներ եւ հայկական ծագումով մարզիկներ։ Մենք չենք քաղաքականացնում սպորտը եւ չենք օգտագործում սպորտը քաղաքական նպատակներով։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակին», ապա այստեղ գործը դիտարկվում է մասնավոր կարգով»,- ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի խոսքը մեջբերում է Vesti.az-ը։

2011թ. դեկտեմբերին Հենրիխ Մխիթարյանն այցելել էր Արցախ եւ նվերներ հանձնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին։

Ադրբեջանական մամուլը ենթադրել էր, թե Հենրիխ Մխիթարյանը չի կարող ստանալ Ադրբեջանի մուտքի վիզա, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ, իսկ Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում