17:58  ,  31 օգոստոսի, 2015

Հայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել Սերբիայի դեմ խաղին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում սկսել է հավաքը՝ պատրաստվելով Սերբիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը, հաղորդում է ՀՖՖ կայքը։

Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 23 ֆուտբոլիստների: Բացակայում է Էդգար Մանուչարյանը, ով հավաքականին չի միանա վնասվածքի պատճառով: Մանուչարյանը բաց կթողնի մոտ չորս շաբաթ: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանը:

Արտյոմ Սիմոնյանը Երեւան կժամանի օգոստոսի 31-ի երեկոյան, Հենրիխ Մխիթարյանը՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, իսկ Գեւորգ Ղազարյանը՝ սեպտեմբերի 2-ի առավոտյան: Մնացած 20 ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են եւ արդեն սկսել են Սերբիայի հավաքականի դեմ խաղի նախապատրաստությունը:

Մարզական հավաքը կավարտվի սեպտեմբերի 2-ին, իսկ սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Սերբիա: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, 22:45-ին, Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» ստադիոնում։

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով