21:55  ,  30 օգոստոսի, 2015

«Ռոման» ուժեղ էր «Յուվենտուսից». Չեմպիոնի երկրորդ անընդմեջ պարտությունը

Իտալական A Սերիայի երկրորդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Հռոմում, որտեղ փոխչեմպիոն «Ռոման» ընդունել էր գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին»: Հռոմեացիներն առավելության հասան 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին, իսկ ընդմիջումից հետո «Ռոման» մեծացրեց ճնշումն ու բացեց հաշիվը: 61-րդ րոպեին անթերի տուգանային հարված իրացրեց բոսնիացի կիսապաշտպան Միրելեմ Պյանիչը: 78-րդ րոպեին թուրինցիները մնացին 10 ֆուտբոլիստներով, իսկ մեկ րոպե անց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն կրկնապատկեց տանտերերի առավելությունը՝ խփելով իր առաջին գոլն Իտալիայի առաջնությունում: 88-րդ րոպեին «Յուվենտուսի» նորեկ Պաոլո Դիբալան կրճատեց հաշիվը, սակայն հյուրերին չհաջողվեց անել ավելին, թեեւ «Ռոմայի» դարպասի մոտ վերջնամասում վտանգավոր պահեր եղան:

«Ռոման» տարավ առաջին հաղթանակը եւ վաստակեց 4 միավոր, իսկ Իտալիայի չեմպիոնը կրեց երկրորդ պարտությունը: Մեկնարկային տուրում «Յուվենտուսը» Թուրինում պարտվել էր «Ուդինեզեին»:

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 2:1

Միրելեմ Պյանիչ, 61, Էդին Ջեկո, 79 – Պաոլո Դիբալա, 88

Հեռացում՝ Պատրիս Էվրա, 78 («Յուվենտուս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում