19:23  ,  30 օգոստոսի, 2015

«Բորուսիան» հետ չի մնում «Բավարիայից», Հենրիխ Մխիթարյանի հերթական գոլային փոխանցումը

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երրորդ տուրում «Բորուսիան» Դորտմունդում 3:1 հաշվով առավելության հասավ Բեռլինի «Հերտայի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր մեկնարկային րոպեներից: Սկզբնամսում տանտերերն ունեին տարածքային ու խաղային նկատելի առավելություն, սակայն «Հերտայի» հակագրոհներն ավելի վտանգավոր էին ստացվում: «Բորուսիան» չէր կարողանում ստեղծել իրական գոլային պահեր, թեեւ 27-րդ րոպեին բացեց հաշիվը: Գերմանացի պաշտպան Մատս Հումելսի խփած գոլը միակն էր առաջին խաղակեսում, իսկ ընդմիջումից հետո դաշտի տերերը կրկնապատկեցին առավելությունը: 51-րդ րոպեին աչքի ընկավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Խաղի մնացած ժամանակահատվածում գոլ խփելուն ավելի մոտ էր «Բորուսիան», բայց հաշիվը կրճատեցին հյուրերը: 78-րդ րոպեին կոտդիվուարցի հարձակվող Սալոմոն Կալուն գրավեց Ռոման Բյուրկիի պաշտպանած դարպասը, բայց խաղի վերջնական հաշիվը ձեւակերպեցին տանտերերը: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Ադրիան Ռամոսն ավելացված ժամանակում գրանեց իր նախկին թիմի դարպասը՝ վարջակետ դնելով խաղին:

Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման, իսկ Թոմաս Տուխելի թիմը տարավ երրորդ հաղթաանակը եւ Մյունխենի «Բավարիայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բորուսիա Դ.» - «Հերտա»՝ 3:1

Մատս Հումելս, 27, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 51, Ադրիան Ռամոս, 90+3– Սալոմոն Կալու, 78

«Վերդեր» - «Բորուսիա Մ.»՝ 2:1

Արոն Յոհանսոն, 39 (11մ), Յաննիկ Վեստերգաարդ, 53 - Լարս Շտինդլ, 45+2

Հեռացում՝ Գրանիտ Ջակա, 87 («Բորուսիա Մ.») 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում