13:22  ,  30 օգոստոսի, 2015

Կառլեն Մկրտչյան. Մրցավարը սխալվեց 11 մետրանոցի դրվագում

Հայաստանի հավաքականի եւ Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ արտագնա հաղթանակը 2:1 հաշվով:

«Առաջին հերթին, այս հաղթանակով ցանկանում եմ շնորհավորել երկրպագուներին, որոնք սրտանց աջակցում են մեզ: Շատ շնորհակալ եմ նրանց: Շնորհավորում եմ տղաներին, իմ ակումբակիցներին: Մենք կռվեցինք մեկս մյուսի համար, պայքարեցինք մինչեւ վերջ եւ հավատում էինք, որ կարող ենք հաղթել: «Սպարտակն» ուժեղ թիմ է, սակայն միշտ չէ, որ հաղթում է ուժեղը:

Լինելով հաշվի մեջ առջեւում՝ մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել այսպիսի բարդ խաղում, իսկ հետո եղավ այդ անհասկանալի 11 մետրանոցը: Մրցավարը սխալվեց: Ես դեռ չեմ դիտել այդ դրվագի տեսանյութը, բայց կարող եմ ասել, որ ոտքով չեմ հարվածել Կիրիլ Կոմբարովին: Ձեռքով եւս չեմ դիպչել նրան. նա ինքն ընկավ:

Համաձայն չեմ, որ մենք խաղում էինք միայն ոչ ոքի հաշիվը պահպանելու համար: 1:1 հաշվի ժամանակ էլ աստիճանաբար ավելացնում էինք եւ վերջում արդարությունը վերականգնվեց: Նախորդ արդյունքներից հետո այս 3 միավորները շատ կարեւոր են մեզ համար: Մենք ունենք լավ թիմ, կարող ենք եւ խաղալու ենք ավելի լավ:

Այսօր հաղթեցինք, բայց սխալներ եւս կային: Սխալներ եղան թիմային պաշտպանության ժամանակ: Կդիտենք խաղը եւ կքննարկենք այդ սխալները: Առավոտյան Արաս Օզբիլիսի հետ կմեկնենք Հայաստանի հավաքականի հավաքին: Այս խաղից հետո Հայաստանում «Անժիի» երկրպագուներն ուրախ են, իսկ «Սպարտակի» ֆանատները՝ տխուր»,- Կառլեն Մկրտչյանի խոսքը մեջբերում է «Անժիի» կայքը:

Հիշեցնենք, որ «Սպարտակի» դեմ խաղում Կառլեն Մկրտչյանը մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման եւ, կատարելով մեծ աշխատանք, 69-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում