14:08  ,  28 օգոստոսի, 2015

Էդգար Ստեփանյան. Վատառողջ էի, բայց գիտակցում էի, որ աշխարհի վերջին առաջնությունս է երիտասարդների խմբում

Աշխարհի առաջնությունում մեկնարկի դուրս գալիս գիտակցում էի, որ սա իմ վերջին աշխարհի առաջնությունն է երիտասարդական հավաքականում, եւ արեցի ամեն ինչ, որպեսզի մեդալ նվաճեմ: Հույսեր, սպասելիքներ ունեի, քանի որ 2014 աշխարհի առաջնությունում նվաճել էի բրոնզե մեդալ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց հեծանվասպորտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանը:

Օգոստոսի 19-23-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնության խմբակային վազքում Էդգար Ստեփանյանը նվաճել է արծաթե մեդալ:

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալանը գերազանց է գնահատում Էդգար Ստեփանյանի արդյունքը աշխարհի առաջնությունում:

«Էդգար Ստեփանյանի տարած աշխատանքը գնահատում եմ շատ բարձր, գերազանց: Նա 2014 թվականին նվաճեց աշխարհի առաջնության բրոզնե մեդալ, այս տարի արդեն արծաթ: Սա ուղղակի հիանալի արդյունք է: Այս արծաթե մեդալն ինձ համար ոսկու արժեք ունի, քանի որ էդգար Ստփանյանը նախքան մեկնարկը ջերմում էր, վատառողջ էր: Մեր թիմի համատեղ, թիմային աշխատանքի արդյունքում էդգարը կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնեց եւ մենք գերազանց արդյունքով ելույթ ունեցանք: Էդգար Ստեփանյանը հեծանվասպորտում արդեն ունի մականուն՝ lap- շրջան, դա խորհրդանշում է էդգար Ստեփանյանի ամեն մրցաշարի ժամանակ մեկ շրջանով մրցակիցներից առաջ լինելը: Էդգարը միշտ մեկ շրջան առաջ է լինում իր մրցակիցներից: Ես ուղղակի հպարտանում եմ Էդգարի աշխատանքով: Մեր աշխատանքը եղել է անթերի, մեր ֆեդերացիան աշխատում է ճիշտ ուղղությամբ եւ արդյունքները սպասել չտվեցին: Սա արդեն Էդգար Ստեփանյանի երրորդ մեդալն է, մենք բոլոր գույների մեդալներն ունենք: Այս առաջնությունը մեզ համար բացառիկ էր, քանի որ ամբողջական թիմով էինք մեկնել, առաջին անգամ մեզ հետ աշխարհի առաջնության էր մեկնել մեխանիկը, մերսող բժիշկը»,- ասաց Արմեն Գյոզալյանը:

Աշխարհի փոխչեմպիոնը նշեց, որ մեդալի ակնկալիք ուներ, քանի որ 2014 աշխարհի առաջնությունում արդեն նվաճել էր բրոնզե մեդալ:

«Ուսումնամարզական հավաք անցկացրեցինք աշխարհի առաջնությունից առաջ: Ես հույսեր ունեի, քանի որ անցյալ տարի նվաճեցի բրոնզե մեդալ: Լավ էի նախապատրաստվել: Մի քանի օր առողջական խնդիրներ ունեի, փորձում էի անել ամեն ինչ, քանի որ գիտակցում էի, որ երիտասարդական տարիքային խմբում վերջին անգամ եմ մասնակցում աշխարհի առաջնությունը, արեցի ամեն ինչ, նվաճեցի արծաթե մեդալ: Աշխարհի առաջնությանը մասնակցում էր 32 երկիր: Ես չեմպիոնին զիջեցի 6 միավոր։ Հաղթում է ուժեղագույնը»,- ասաց Էդգար Ստեփանյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում