13:11  ,  5 օգոստոսի, 2015

Ֆուտզալի հայկական թիմի աննախադեպ հաջողությունը

Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացվող ֆուտզալի Եվրոպայի ուսանողական առաջնությունում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի հավաքականը մոտ է աննախադեպ նվաճման: Օգոստոսի 2-ից մեկնարկած առաջնությունում ՀՊՏՀ-ն ընդգրկվել էր E խմբում, որտեղ մրցակիցներն էին Ֆրանսիական Լիոնի համալսարանի, Անգլիական Բրունեյի համալսարանի եւ Իսրայելի տեխնոլոգիական համալսարանի թիմերը: Հզոր մրցակիցների հետ պայքարում ՀՊՏՀ-ն չի կրել ոչ մի պարտություն, տարել է մեկ հաղթանակ, երկու հանդիպում էլ ավարտել է ոչ ոքի եւ գլխավորել է խմբի մրցաշարային աղյուսակը՝ իրավունք ստանալով շարունակել պայքարը չեմպիոնի կոչման համար:

«Ֆրանսիացիների հետ կայացած առաջին խաղում մեր տղաների մոտ որոշակի լարվածություն էր նկատվում եւ հենց դա էր այն հիմնական պատճառը, որ հաղթելով 3:1 հաշվով Խաղի վերջնամասում 2 գոլ ընդունեցինք եւ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի:

Իսրայելի ուժեղ թիմի հետ խաղը  մեզ համար չափազանց դրամատիկ ստացվեց: Հակառակորդը ունենալով 2 գնդակի առավելություն խաղի վերջնամասում չդիմացավ մեր գրոհների ճնշմանն ու լարվածությանը եւ մեր տղաները խաղավերջի 40 վայրկյաններում  2 գոլի հեղինակ դարձան: Արդեն 3-րդ խաղում  ամեն բան կարգին էր:

Ֆուտբոլային փայլուն ավանդույթներ ունեցող անգլիացիները, որոնք մշտապես եղել են ֆավորիտների ցանկում, չկարողացան լուրջ խոչընդոտ ստեղծել մեր տղաների համար եւ արդյունքում մեր հավաքականը վստահ հաղթանակ տարավ  6:1 հաշվով»,- ՀՊՏՀ մամուլի ծառայությանն ասել է ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, որը  ֆուտզալի հավքականի հետ գտնվում է Լեհաստանում:

Առջեւում ֆուտզալի Եվրոպայի Ուսանողական առաջնության եզրափակիչ փուլն է, որտեղ ՀՊՏՀ Ֆուտզալի հավաքականը գործնականում ապահովել է իր տեղը հնգյակում:

Տնտեսագիտական համալսարանի ուսանողական թիմը ամիսներ առաջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը եւ օգոստոսի 25-30-ը կմասնակցի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում