03:41  ,  3 օգոստոսի, 2015

Համահայկական խաղերի բացում. Միջադեպերից խուսափել չհաջողվեց (ֆոտոշարք)

Համահայկական 6-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել այն գեղեցիկ, բովանդակալից, ավելի գրավիչ դարձնելու համար:

Առաջին հայացքից բացման արարողությունը կազմակերպված էր ըստ պատշաճի, սակայն խուսափել միջադեպերից չստացվեց: Խաղերի կազմակերպիչներին հաջողվեց բացման արարողության սկզբում զարմացնել եւ հիացնել տեւական հրավառությամբ, որը մեծ ոգեւորություն առաջացրեց: Հրավառությունն այնքան տպավորիչ էր, որ ներկաները երկար ժամանակ չէին իջեցնում հայացքները երկնքից:

Սակայն հետնամասում մեծ հրդեհ էր բռնկվել: Հրդեհն այնքան ուժեղ էր, որ թվում էր, թե շուտով կայրի բեմահարթակը եւ այնտեղ տեղադրված տեխնիկան: Ստադիոնում հերթապահած երկու հրշեջ մեքենաներն անմիջապես սլացան հրդեհի վայր: Մի պահ մտավախություն կար, թե կդադարեցվի բացման արարողությունը, սակայն հրշեջ-փրկարարներն արագ մարեցին հրդեհը:

Հրավառությունից տպավորված հանդիսականներն ու Խաղերի մասնակիցները բացման արարողության վերջում ակնկալում էին ականատես լինել էլ ավելի շքեղ հրավառության, քանի որ այդպես էին խոստացել կազակերպիչները, սակայն ավելի մեծ հրավառությունն չեղավ: Կազմակերպչական խմբում ընդգրկված ծանոթներիցս մեկը նշեց, որ ռիսկի չգնացին, քանի որ այդ հրավառությունից հետո խոշոր հրդեհից խուսափել հնարավոր չէր լինի:

Խնդիրներ առաջացան նաեւ մասնակիցների անվանական վկայականներ տրամադրելու հարցում: Բացման արարողությունից մեկ ժամ առաջ մասնակիցներին պետք է բաժանվեին վկայականները: Սակայն մարզիկների մեծ մասը շքերթի դուրս եկան առանց բեյջերի, քանի որ ինչպես հետո պարզեցի, Համահայկական խաղերի հավատարմագրումն իրականացնողները կորցրել էին մարզիկների բեյջերը՝ տալով միայն Խաղերի ներկայացուցչի վկայական առանց լուսանկարների եւ անունների: Այս փաստը մեծ իրարանցում եւ վրդովմունք էր առաջացրել Հայաստան ժամանած մարզիկների մոտ:

Խաղերի բացումը մեկնարկելու էր ժամը 21:00-ին: Մարզիկները, պատվիրակության անդամները, Հայաստան ժամանած սփյուռքահայերը եւ տուրիստները մարզադաշտում իրենց տեղը զբաղեցրել էին արդեն ժամը 18:00-ից: Մարզիկները, պատվիրակությունները դեռ բացման արարողությունը չսկսած արդեն զվարճանում էին, պարում, երգում, ուրախանում: Թվում էր, թե այդ խինդն ու եռանդը կշարունակվի մինչեւ բացման արարողության ավարտը: Սակայն շքերթից հետո տրիբունաներն աստիճանաբար դատարկվեցին, իսկ արդեն Խաղերի ջահը վառվելուց եւ նախագահի ողջույնի խոսքից հետո մեկնարկած համերգային ծրագրին տրիբունաները դատարկվեցին: Մարզիկները հոգնել էին եւ բոլորը խմբերով շտապում էին դուրս՝ չլսելով հայ աստղերի կատարումները:

Այս տարի էլ Խաղերի բացման արարողությունը ուներ գրեթե նույն սցենարը: Պատմությունը զուգորդվում էր 3D անիմացիոն սյուժեներով, որոնք տրիբունաներից հանդիսատեսի մեծ մասը չէր տեսնում, քանի որ ֆիլմերը պատկերվում էր մարզադաշտի կենտրոնական հատվածում միայն: Հանդիսատեսը ստիպված մարզադաշտում տեղադրված հեռուստաէկրաններից էր փորձում կռահել, թե ինչի մասին են 3D անիմացիոն պատկերները:

Անսպասելի էր նաեւ «Հանրապետական» ստադիոնի տանիքին տեսնել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) եւ Օլիմպիական խաղերի խորհրդանիշ հինգ օղակները, որի օգտագործման իրավունք ունի միայն ՄՕԿ-ը, իսկ Համահայկական խաղերն ունի իր խորհդանիշը:

Վերջում չեմ կարող չնշել «Հանրապետական» ստադիոնի մշտապես կեղտոտ նստարանների մասին: Այս անգամ էլ մարզադաշտի նստարանները տհաճ իրավիճակ ստեղծեցին մարզիկների, պատվիրակությունների ներկայացուցիչների ու հյուրերի համար. Մարզադաշտում ներկաները իրենց տեղը զբաղեցնելուց առաջ նախ մաքրում էին աթոռը, ինչը դժգոհություն էր առաջացնում յուրաքանչյուրի մոտ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով