09:42  ,  1 օգոստոսի, 2015

Բենզեման կտեղափոխվի «Արսենալ», «Ռեալը» կփորձի գնել Ռոյսին

Մադրիդի «Ռեալն» ընդունել է Լոնդոնի «Արսենալի» հերթական առաջարկը եւ կվաճառի հարձակվող Քարիմ Բենզեմային, հաղորդում է metro-ն: Արքայական ակումբը Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերից կստանա 55 միլիոն եվրո: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը հինգ տարվա պայմանագիր կկնքի Բենզեմայի հետ, որը կդառնա լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:

«Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մտադիր է կենտրոնական հարձակվողի դիրքում օգտագործել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին, եւ Բենզեման դուրս կմնար մեկնարկային կազմից:

Բենզեմայի հեռանալուց հետո Արքայական ակումբը կփորձի գնել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում