19:14  ,  31 հուլիսի, 2015

«Հելիոսի» աջակցությամբ Քուվեյթի պատվիրակությունն առաջին անգամ ժամանեց Համահայկական խաղերի (ֆոտոռեպորտաժ)

Համահայկական 6-րդ խաղերի մեկնարկին մնացել է երկու օր։ Խաղերին մասնակից թիմերը արդեն ժամանում են Հայաստան։ Հուլիսի 31-ին Երեւան ժամանեց նաեւ Քուվեյթի թիմը (ֆոտոռեպորտաժ

Քուվեյթի հայկական համայնքի թիմն առաջին անգամ է մասնակցում Համահայկական խաղերին։ Մինչ օրս համայնքի մարզական թիմը հնարավորություն չի ունեցել իր մասնակցությունը ցուցաբերել համահայկական խաղերին։ 6-րդ Խաղերին Քուվեյթի թիմը մասնակից կդառնա  Քուվեյթում գործող «Հելիոս» բժշկական կենտրոնի աջակցությամբ։ Հավաքականի մասնակցությունը Համահայկական խաղերին հովանավորում է Քուվեյթում գործող «Հելիոս» բժշկական կենտրոնը, որի հիմնադիրներ Ֆիլիպ Փաթաթանյանն ու Հելեն Ազարյանը մասնաճյուղեր են հիմնել նաեւ Երեւանում` «Հելիոս» բժշկական կենտրոնն ու «Հելիոս» պոդոլոգիայի կենտրոնը` աշխատատեղով ապահովելով իրենց բազմաթիվ հայրենակիցների: 

«Հելիոս» բժշկական կենտրոնի հիմնադիր Ֆիլիպ Փաթաթանյանի խոսքով, հավաքական թիմին աջակցելը եւս աշխատանք է, որը պարտավոր է կատարել յուրաքանչյուր հայ։

«Մեր կազմակերպությունն ունի մի կարգախոս՝ ծառայել հայրենիքին։ Այս կարգախոսով աշխատում ենք ե՛ւ Քուվեյթում, ե՛ւ Հայաստանում՝ հիմնելով մեր բժշկական կենտրոնի մասնաճյուղ Երեւանում։ Մենք նախաձեռնեցինք եւ իրականացրեցինք Համահայկական խաղերում Քուվեյթի հայ համայնքի հավաքական թիմի մասնակցությունը։

Սա էլ է իր տեսակի մեջ աշխատանք է, որը պետք է կատարի յուրաքանչյուր հայ՝ լինի հայրենիքում, թե հայրենիքից դուրս։ Ուրախ ենք, որ հնարավորություն ստեղծվեց գալու Հայաստան եւ հայկական համայնքի թիմին բերել հայրենիք։ Մենք ընդամենը օգնող եղանք այս երեխաներին իրենց հայրենիք գալու համար։ Ակնկալում ենք լավ մասնակցություն, եւ մեր մարզիկներից պահանջում ենք միայն հաղթանակ»,- ասաց Ֆիլիպ Փաթաթանյանը։

Քուվեյթի թիմը Երեւան ժամանեց Հայ առաքելական եկեղեցու Քուվեյթի թեմի առաջնորդ Գերապատիվ Տեր Մասիս Ծ. Վրդ. Զոբույանի ուղեկցությամբ։

«Շատ ուրախ ենք, որ այսօր մեծ պատվիրակությամբ Քուվեյթից եկանք, հասանք Հայաստան։ Մեր երիտասարդության ներկայությունը հայրենի հողի վրա շատ դրական է եւ հուզիչ։ Մենք բոլորս ներշնչված ենք, որ Համահայկական 6-րդ խաղերը պետք է առիթ հանդիսանա սփյուռքահայության, քուվեյթահայության կապերը Հայաստանի հետ էլ ավելի ամրապնդելու, հայրենիքի հզորացման, զարգացման հարցում ներդրում ունենալու համար։ Մեր ներկայությունն այսօր միության խորհրդանիշ է։ Մեր թիմն այսօր կմինանա իր  հայրենիքին  եւ համոզված եմ, որ մեծ տպավորություններով կլքեն Հայաստանը՝ իրենց հետ լավ հիշողություններ տանելով։

Մասնակիցներին կմաղթեմ լավ մասնակցությամբ, մրցակցությամբ եւ դրական մոտեցմամբ ամեն մեկը փորձի իր լավագույն արդյունքը ցուցադրի եւ հաղթանակներ ունենա։ Բոլորս էլ մեր չափով հաղթանակած ենք այսօր, քանի որ հպարտորեն գտնվում ենք հայրենի հողի վրա, իսկ հաղթանակը՝ մեր հպարտությունն է, մեր կամքն է, մեր ներկայությունը հայրենի հողի վրա»,- իր խոսքում նշեց  Տեր Մասիս Ծ. Վրդ. Զոբույանը։

Համահայկական խաղերում Քուվեյթի թիմի համակարգող-պատասխանատու, թիմի մարզիչ Անդրանիկ Կուզեյանի փոխանցմամբ՝ Քուվեյթի թիմը Համահայկական 6-րդ խաղերում կմրցի չորս մարզաձեւում՝ ֆուտբոլ, հանդբոլ, սեղանի թենիս եւ թենիս։

«Եկել ենք 40 մարզիկներով, մասնակցելու ենք ֆուտբոլ, հանդբոլ, սեղանի թենիս եւ թենիս մարզաձեւերում։ Քուվեյթի Հայաստանի համայնքը փոքրիկ գաղութ է, համայնքում կա շուրջ 4000-5000 հայ։ Այս փոքրիկ գաղութում մի քանի մարզաձեւեր է պահպանվում։ Այն, որ մարզիկները մարզվում են, մեզ համար արդեն փոքրիկ հաղթություն է՝ սպորտը չի մեռնում։  Համահայկական խաղերում հաղթանակներ սպասում ենք, եկել ենք հաղթելու, մասնավորապես, ֆուտբոլի, հանդբոլի թիմից ենք հաղթանակներ սպասում։ Բայց մեզ համար արդեն հաղթանակ է այն, որ հայրենիքում ենք։ Առաջին անգամ է Քուվեյթը մասնակցում Համահայկական խաղերին։ Ինչի համար շատ ուրախ ենք եւ լավ տրամադրությամբ այսօր ժամանեցինք Երեւան։ Այս Խաղերն աննախադեպ են Համահայկական խաղերի պատմության մեջ․ մեծ թվով մարզիկներ են մասնակցելու տարբեր երկրներից։ Սպորտը միավորելու է մեզ բոլորիս այս երկու շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ այս Խաղերի շնորհիվ Հայաստան - Արցախ - Սփյուռք եռամիսանությունը ավելի կամրապնդվի եւ ավելի կմոտեցնի աշխարհում սփռված հայերին»։

Հայաստանում եւ Արցախում 2015թ. օգոստոսի 2-13-ը կանցկացվեն Համահայկական 6-րդ ամառային խաղերը: Դրանք աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների թվով, այլ նաեւ քաղաքների աշխարհագրությամբ: Այս խաղերը կանցկացվեն Երեւանում, Ստեփանակերտում,  Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում:

Նախկին տասը մարզաձեւին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացել է եւս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ եւ հրաձգություն:  Ընդհանուր առմամբ, նախատեսվում է մոտ 5000 - 5500 մարզիկ - մարզուհու մասնակցություն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով