09:08  ,  29 հուլիսի, 2015

Դավիթ Թորոսյան. Բաքվի Խաղերից հետո բռնցքամարտիկներն ավելի գոտեպնդված են, կռվի կարոտ են

Արդյունքներ կանխատեսելը անշնորհակալ գործ է։ Ես կախարդական փայտիկ չունեմ, որ պլանավորեմ՝ մեդալ կամ վարկանիշ կլինի Եվրոպայի առաջնությունից, թե ոչ։ Ցանկություն, ձգտում ունենք եւ ակնկալում ենք լավ մասնակցությունն, լավ արդյունքներ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, ում ղեկավարությամբ այս օրերին թիմը Ծաղկաձորի մարզաբազայում անցկացնում է ուսումնամարզական հավաք՝ պատրաստվելով օգոստոսի 5-16-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Ծաղկաձորյան հավաքին մասնակցում է 21 մարզիկ, սակայն Եվրոպայի առաջնության Հայաստանը հանդես կգա 10 մարզիկներով՝ 10-ը քաշային կարգերում․Արթուր Հովհաննսիյան (49կգ),  Կորյուն Սողոմոնյան (52կգ), Արամ Ավագյան (56կգ), Սամվել Բարսեղյան (60կգ), Հովհաննես Բաչկով (64կգ), Վլադիմիր Մարգարյան (69կգ), Արման Հովիկյան (75կգ), Նիկոլ Արությունով (85կգ),  Հենրիկ Սարգսյան (91կգ) եւ Ռաֆայել Սիմոնյան (+91կգ): 

Դավիթ Թորոսյանի փոխանցմամբ, այս տարվա Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է։ Պետք է աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել։

«Բոլոր քաշերում ունենք ներկայացուցիչ։ Այս կազմով ենք պատրաստվում մեկնել Եվրոպայի առաջնություն։ Այստեղ այն բռնցքամարտիկներն են, ովքեր այս պահին ավելի պատրաստ են դուրս գալ Եվրոպայի առաջնության ռինգ։ Ունենք քաշային կարգեր, որոնցում կա այլընտրանք։ Օրինակ՝ 52 կգ քաշային կարգում ունենք Կորյուն Սողոմոնյան եւ Նարեկ Աբգարյան։ Այս պահին Կորյուն Սողոմյանն է լավ մարզավիճակում, եւ նա է ներկայացնելու Հայաստանը 52 կգ քաշային կարգում։

Մեր գերխնդիրն է Եվրոպայի առաջնությունում գրավել 1-6-րդ տեղերից մեկը, որպեսզի իրավունք ստանանք մասնակցել տարեվերջին կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղից կարող ենք նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Բարդ խնդիր է։ Եվրոպայի առաջնությունում պետք է լավագույն արդյունքը ցուցաբերենք, որպեսզի իրավունք ստանանք մասնակցել վարկանիշային մրցումներին։ Այժմ կենտրոնացել ենք հենց այս խնդրի վրա եւ կարծում եմ՝ կարող ենք լուծել այս խնդիրը»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը։

Թե վարկանիշ նվաճելու ինչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը, Դավիթ Թորոսյանը խուսափեց կանխատեսումներ անել.

«Ես որպես հավաքականի գլխավոր մարզիչ չեմ կարող ինձ այդ հաճույքը թույլ տալ եւ առաջնությունից առաջ կանխատեսումներ անել։ Բայց ես ակնկալիքներ ունեմ, որ մենք վարկանիշների համար պայքարի մրցակիցներ կունենանք Եվրոպայի առաջնությունում։

Ծաղկաձորյան հավաքն անցնում է նորմալ ըստ պլանավորածի։ Ամեն ինչ արվում է, որ մարզիկների մարզավիճակը բերվի այն մակարդակին, որին ակնկալում ենք։ Ինձ այս հարցում օգնում է հավաքականի երկրորդ մարզիչ Մանվել Գաբրիելյանը, միասին անցկացնում ենք հավաքը։ Բաքվից հետո մի փոքր բարոյահոգեբանական արգելքներ կային, բայց արդեն, կարծես, ոչինչ չի նկատվում եւ ամեն ինչ գնում է իր հունով։ Մարզիկները Բավքից հետո եկել են այն մարզավիճակին, որն ակնկալվում էր։ 

Բռնցքամարտն անկանխատեսելի մարզաձեւերից մեկն է։ Եթե մրցումներից առաջ որեւէ արդյունք կանխատեսեմ, դա կլինի անշնորհակալ գործ։ Հավաքականի անդամներն աստիճանաբար գալիս են իրենզ մարզավիճակի գագաթնակետին եւ ակնկալում ենք լավ մասնակցություն»։

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե Բաքվից հետո բարոյահոգեբանական խնդիրներ ասելով՝ գլխավոր մարզիչն ինչ նկատի ունի, Դավիթ Թորոսյանը մանրամասնեց

«Ես սպասում էի այդ խնդիրներին, բայց, իրականում ես այդքան էլ լուրջ հոգեբանական խնդիրներ չտեսա։ Մի պահ ինձ թվաց, որ Բաքվից հետո հոգեբանական լուրջ խնդիրներ կարող են լինել։ Բայց հակառակ պատկերը ձեւավորվեց, երբ տղաները վերադարձան եւ սկսեցինք մարզումները Եվրոպայի առաջնությունից առաջ․ մարտունակության, տրամադրվածության, մարտական ոգու բարձրացում նկատեցի։ Երբ վերադարձան մարզադահլիճ, որեւէ հոգեբանական խնդիր չտեսա, բոլորն էլ խոսակցական լեզվով ասաց՝ «դուխով» էին, ամեն ինչ տեղն էր, մի փոքր էլ զայրացած։ Իսկ հիմա առավել եւս ավելի հաստատակամ եւ տրամադրված մեկնում ենք մրցումների։

Բաքվի սուլոցները այդքան էլ ազդեցություն չեն ունեցել մեր բռնցքամատիկների վրա։ Մենապայքարային մարզաձեւերում մարզիկին ուղղված սուլոցներ, բացականչություններ միշտ էլ եղել են։ Բաքվից հետո ես տղաներից որեւէ մեկի մոտ ընկճվածություն չեմ տեսնում։ Որեւէ անհանգստություն չունեմ։ Բաքվի Խաղերից հետո բոլորն էլ լավ են, ավելի գոտեպնդված։ Կռվի կարոտ են, ըստ երեւույթին ինչ-որ բան պակաս է մնացել Բաքվից հետո։ Կարծում եմ՝ Բուլղարիայում այդ պակասը կարող են լրացնել»։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով