21:29  ,  23 հուլիսի, 2015

Աբրահամ Խաշմանյան. Մեր հաղթանակն օրինաչափ էր

Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղերում ղազախական «Կայրաթի» նկատմամբ հաղթանակը 2:1 հաշվով:

«Բարդ է լինում 0։3 հաշվով պարտությունից հետո պատրաստել թիմին, բայց մեզ դա հաջողվեց: Կարծում եմ՝ մեր հաղթանակն օրինաչափ էր: Մեր ցուցադրած խաղում կար բովանդակություն, գոլային պահեր ու կազմակերպվածություն: Գոհ եմ, քանի որ հասանք մեր ուզածին: Չանցանք հաջորդ փուլ, բայց պատվով լքեցինք խաղադաշտը:

Դոս Սանթոսը բարձրակարգ խաղացող է, սակայն նա դեռ 70 տոկոսով է պատրաստ: Առաջնությունում նա շատ կօգնի մեզ: Նրա օգտակար գործողությունների տոկոսը շատ բարձր է: Դոս Սանթոսը կարծես ոչ մի սխալ թույլ չտվեց, իսկ դա խոսում է բարձր որակների մասին: Հայկական ֆուտբոլին պետք են այդպիսի ֆուտբոլիստներ:

Ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել: Առաջին խաղակեսի վերջնամասում անփույթ գոլ բաց թողեցինք: «Ալաշկերտը» 2-3 տարվա ակումբ է: Եթե հետ նայենք եւ տեսնենք, թե որտեղ ենք այժմ, կարելի է այս մրցաշրջանը հաջող համարել: Թիմը նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր եւ հաղթանակով նշեց նորամուտը:

Արդեն սկսել ենք նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը: Թիմը կհանգստանա 2 օր, իսկ հետո կսկսենք պատրաստվել առաջնությանը: Գեւորգ Կասպարովը մեր հիմնական դարպասապահն է, եւ ես կարծում եմ, որ նա համար մեկն է Հայաստանում: Ցանկանում եմ, որ նա մնա, սակայն եթե լինի լավ առաջարկ, չենք խոչընդոտի Գեւորգի տեղափոխությանը:

Միշտ իմ թիմերին ստիպում եմ խաղալ արագ ֆուտբոլ: Հայաստանի առաջնությունում ֆուտբոլը շատ դանդաղ է: Պետք է պատրաստ լինենք արագ ֆուտբոլ խաղալուն, որպեսզի հաջող հանդես գանք եվրագավաթներում»,- ասաց մարզիչը:

Հիշեցնենք, որ չնայած պարտությանն «Ալաշկերտը» լքեց պայքարը, քանի որ Ալմաթիում կայացած առաջին խաղում «Կայրաթին» պարտվել էր 0։3: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում ղազախական ակումբը կմրցի խորվաթական «Ռիեկայի» եւ շոտլանդական «Աբերդինի» դիմակայության հաղթողի հետ:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով