20:32  ,  21 հուլիսի, 2015

Սարգիս Հովսեփյան. «Մոլդեն» ավելի արժանի էր հաջորդ փուլ դուրս գալուն

Չեմպիոնների լիգայից դուրս մնացած Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Նորվեգիայի չեմպիոն «Մոլդեի» նկատմամբ հաղթանակից հետո հետխաղյա ասուլիսում պատմեց տպավորությունների մասին։

«Սեզար Ռոմերոն բացակայում էր, քանի որ նրա պայմանագիրն ավարտվել է, եւ մենք որոշեցինք, որ տղաները խաղան առանց նրա: Ինչ-որ տեղ համաձայն եմ, որ Սեզարի հետ «Փյունիկն» այլ թիմ է, սակայն եթե նա լավ մարզավիճակում է: Վերջին շրջանում նա մեզ ավելի շատ խանգարում էր թե՛ մարզումներին, թե՛ խաղերին: Սեզարին զգուշացրել ենք վարքի վերաբերյալ, սական նա չլսեց մեզ, եւ նաեւ ավելորդ քաշ էր հավաքել: Սկզբում ամեն ինչ լավ էր, իսկ թե ինչ եղավ հետագայում, չեմ ցանկանում պատմել այդ մասին:

Կարելի է հավաքվել եւ մեկ խաղ խաղալ: Տղաներն այսօր ամեն ինչ արեցին հաղթանակի համար: Նրանք ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ: Հավատում եմ, որ իմ տղաները կարող են լավ ֆուտբոլ ցուցադրել: Ցանկացած թիմ էլ կարող է պարտվել խոշոր հաշվով: Այսօր մենք շատ ուշադիր էինք խաղում, իսկ մրցակիցն ավելի շատ կենտրոնացել էր պաշտպանության վրա, որտեղ կենտրոնացրել էր մեծ ուժեր: Նրանք շատ կոմպակտ էին գործում եւ պաշտպանվում: «Մոլդեն» ուժեղ էր եւ տանը ցուցադրած խաղի համար ավելի արժանի էր հաջորդ փուլ դուրս գալու:

Ինչ վերաբերում է Ռումյան Հովսեփյանին, ապա նրա մոտ նվիրվածության խնդիր չկա, սակայն նա մոռանում է մարզիչի առաջադրանքները եւ դրա համար շուտ փախարինվեց: Ջերեմիա Ջոնին հրաժեշտ կտանք: Այսօր վերջնականապես համոզվեցինք, որ ավելի լավ է նրա փոխարեն խաղան մեր երիտասարդները: Ջոնի ծառայություններից կհրաժարվենք:

Երրորդ փուլ անցնելու համար մեզ նաեւ բախտ է պետք: Չնայած ասում են, որ հաջողությունն ուժեղներին է ժպտում: Սան Մարինոյի թիմի դեմ խաղից հետո մտավախություն կար, որ դեռ պատրաստ չենք այս մակարդակի խաղերի, սակայն ես չէի կարող բարձրաձայնել դա: Իմ ֆուտբոլիստներին տրամադրում էի, որ նրանք կարող են: Կային պահեր, որ ես գոհ չէի, սակայն չէի խոսում այդ մասին: Այժմ մենք կմեկնենք կարճատեւ արձակուրդի, իսկ հետո կպատրաստվենք Հայաստանի առաջնության մեկնարկին: Այժմ մենք փնտրում ենք հարձակվողի եւ ցանկալի է, որ դա լինի հայ խաղացող: Լեգեոնականներին մի քիչ բարդ է ինչ-որ բան բացատրել»,- նշեց Սարգիս Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում նորվեգացիները պարտվեցին նվազագույն հաշվով, իսկ տանը 5 անպատասխան գնդակ էին ուղարկել «Փյունիկի» դարպասը: Հաջորդ փուլում «Մոլդեն» կհանդիպի կամ Զագրեբի «Դինամոյին», կամ Լյուքսեմբուրգի «Ֆոլային»։ Այդ թիմերի միջեւ Խորվաթիայում անցկացված առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով