17:11  ,  10 հուլիսի, 2015

Եվրո-2016. Ալբանիային շնորհվեց 3 միավոր, Սերբիան ու Հայաստանը զրկվում են երրորդ տեղի շանսից

Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը բեկանել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Սերբիա - Ալբանիա հանդիպման արդյունքի վերաբերյալ ՈւԵՖԱ-ի որոշումը՝ երեք միավոր շնորհելով ալբանացիներին։ Այդ մասին հաղորդում է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։ Վճռաբեկ դատարանը չի գտել ապացույց, որ Ալբանիայի հավաքականը հրաժարվել է շարունակել հանդիպումը: Իսկ Սերբիան չի ապահովել անվտանգությունը, ինչի համար էլ պետք է պատժվի:

2014թ. հոկտեմբերին կայացած Սերբիա - Ալբանիա հանդիպումը դադարեցվել էր առաջին խաղակեսի վերջնամասում՝ 0։0 հաշվի ժամանակ։ Ալբանացի ֆանատների սադրանքին հետեւել էր վիճաբանություն խաղադաշտում։ Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ ստադիոնի սերբ աշխատակիցներն ու անվտանգության ծառայության ներկայացուցիչները ծեծի են ենթարկել ալբանացի ֆուտբոլիստներին։ ՈւԵՖԱ-ն որոշել էր հաղթանակ շնորհել Սերբիայի հավաքականին, բայց չգրանցել երեք միավորը։

Դատարանի որոշման արդյունքում, Սերբիային գրանցվել է 0։3 հաշվով տեխնիկական պարտություն։ Ալբանիան այժմ չորս տուրում հավաքել է 10 միավոր, ինչը նշանակում է, որ Ալբանիան գործնականում ապահովել է երրորդ տեղը, իսկ 1-ական միավորով I խմբի մրցաշարային աղյուսակը եզրափակող Սերբիան ու Հայաստանը զրկվում են երրորդ տեղ գրավելու եւ անցումային խաղերի մասնակցելու հնարավորությունից։ Ալբանիան դեռ պետք է անցկացնի չորս հանդիպում, Սերբիան ու Հայաստանը՝ երեքական հանդիպում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով