18:49  ,  7 հուլիսի, 2015

WBO-ն զրկեց Ֆլոյդ Մեյվեզերին չեմպիոնական տիտղոսից

Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) զրկել է ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում (66,67 կգ) աշխարհի չեմպիոնի տիտղոսից, հաղորդում է BoxingScene-ը։

Ամերիկացի բռնցքամարտիկը չի վճարել մայիսի 2-ին Լաս Վեգասում ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ մենամարտի կազմակերպման եւ անցկացման համար սահմանված պարտադիր վճարը։

Բոլոր ժամանակների ամենահարուստ մարզիկ ճանաչված Ֆլոյդ Մեյվեզերը երկու ամսում WBO-ի հաշվին այդպես էլ չի փոխանցել 200 հազար դոլար։ Մեյվեզերը երկու շաբաթվա ընթացքում կարող է բողոքարկել որոշումը, վճարել եւ հետ ստանալ տիտղոսը։

Հակառակ դեպքում, գոտին կանցնի ամերիկացի Թիմոթի Բրեդլիին, որը նոյեմբերի 21-ին պետք է մենամարտի Սադամ Ալիի հետ։

Պակյաոյի նկատմամբ հաղթանակից հետո Մեյվեզերը մտադիր էր հրաժարվել բոլոր չեմպիոնական տիտղոսներից (WBO, WBA, WBC), սակայն փոխեց որոշումը։ Մեյվեզերը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 48 մենամարտերում էլ հաղթանակ է տարել։ Սեպտեմբերի 12-ին 38-ամյա մարզիկը կանցկացնի եւս մեկ մենամարտ, որը կլինի վերջինը նրա կարիերայում։ Մրցակիցն ու մրցավայրը դեռ հայտնի չեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում