15:59  ,  7 հուլիսի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» 6 գոլ խփեց Ճապոնիայում, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ճապոնիա ժամանած Դորտմունդի «Բորուսիան» հուլիսի 7-ին առաջին ընկերական խաղն անցկացրեց ասիական շրջագայության ընթացքում: Թոմաս Տուխելի թիմը Կավասակի քաղաքում հանդիպեց Ճապոնիայի ընթացիկ առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցնող «Կավասակի Ֆրոնտալե» ակումբի հետ եւ հաղթեց 6:0 հաշվով:

«Բորուսիան» հանդես եկավ 2 տարբեր կազմերով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան: Ընդմիջումից 2 գոլ խփեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ ճապոնացի 19-ամյա կիսապաշտպան Միցուրու Մարուոկան ու սլովենացի Ջոն Գորենց Ստանկովիչն աչքի ընկան մեկական անգամ:

Հիշեցնենք, որ ասիական շրջագայության ընթացքում «Բորուսիայի» ֆուտբոլիստները մեկնելու են նաեւ Սինգապուր եւ Մալայզիա:

Ընկերական խաղ, Կավասակի

«Կավասակի Ֆրոնտալե» (Ճապոնիա) – «Բորուսիա Դ.» (Գերմանիա)՝ 0:6

Սինձի Կագավա, 5, 35, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 53, 57, Միցուրու Մարուոկա, 60, Ջոն Գորենց Ստանկովիչ, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում