13:25  ,  7 հուլիսի, 2015

Հրաչյա Ռոստոմյան. Բաքվում միակ վիճահարույց հարցը բռնցքամարտիկներն էին

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերը, որում Հայաստանը թիմային հաշվարկում 36-րդ տեղն էր գրավել հունահռոմեկան ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի արծաթե մեդալի շնորհիվ:

«Գոհ եմ մեր ցույց տված արդյունքից, ուրախ եմ, որ մասնակցեցինք: Մեզ պետք էր այս մասնակցությունը: Սա մեծ փորձ էր մեզ համար: Արդյունքներն այս պայմաններում բավական բարձր էին: Մենք հասանք մեր նպատակին: Մեր գլխավոր նպատակն անվտանգ մասնակցությունն էր, բացման արարողությանը Հայաստանի դրոշը բարձր տանելը, Հայաստանի դրոշը Բաքվում բարձրացնելը, մեդալ նվաճելը եւ պատվով վերադառնալը:  

Երբ որոշում էինք ընդունում Բաքվի խաղերին մասնակցելու հարցում, այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց ՀԱՕԿ-ը եւ բարձր մակարդակով մենք իրակացրեցինք մեր առջեւ դրված խնդիրը: Ոչ մեկի համար հաճելի չէր գնալ Բաքու: Այս խաղերն ապացուցեցին, որ հնարավոր է պահպանել բոլոր պայմանավորվածությունները: Եվ չխուսափեցինք մեր վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունից: Մեզ այդ հարցում շատ օգնեցին Պատրիկ Հիկեն եւ Թոմաս Բախը: 

Ամենամեծ հաղթողներն այս խաղերում մեր պատվիրակությունն ու մեր մարզիկներն էին: Մասնակցելով Եվրոպական խաղերին՝ հայկական մարզաշխարհն ապացուցեց, որ կարող է հայի անունը բարձր պահել ինչպես բոլոր մրցասպարեզներում, այնպես էլ՝ Բաքվում:

Միակ վիճահարույց հարցը, որ ունեցել ենք Բաքվում, բռնցքամարտիկներն էին: Մրցավարությունը զայրացնում էր ոչ միայն մեզ, այլեւ՝ մյուսներին: Սա նոր համակարգի արդյունքն էր, որն այդպես էլ անհասկանալի մնաց ինձ համար, թե ինչպես է համակարգիչն ընտրում:

Միտումնավոր որեւէ քայլ չենք տեսել մեր պատվիրակության հանդեպ, այդ թվում՝ բռնցքամարտի մրցաշարում: Մրցավարական կողմնապահություն չկար, չենք կարող հայտարարել, թե խայտառակ մրցավարություն ու հատուկ վերաբերմունք էր մեր հանդեպ: Օրինակ՝ նույն Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտում մրցավարական կողմնապահություն չկար:

Յուրաքանչյուր մրցաշարի մեկնելիս ունենում ենք կանխատեսումներ: Իրականում, մենք ակնկալում էինք երեք մեդալ, բայց ունեցանք մեկ մեդալ: Բայց, հաշվի առնելով, որ Բաքու ենք մեկնել, հոգեբանական իրավիճակն արդեն իսկ բավարար էր: Հասարակությունն էլ իր մեղքի բաժինն ուներ: Հաճելի չէր ամեն վայրկյան տարբեր կայքերում կարդալ, թե ինչպես չենք մտածում մեր ջահել տղաների մասին եւ ինչ վտանգավոր է լինելու այնտեղ»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե Միհրան Հարությունյանն արդեն ստացել է արծաթե մեդալի համար խոստացված 30 հազար դոլար պարգեւավճարը, Ռոստոմյանը նշեց.

«Դեռ պարգեւատրություններ չեն եղել: Այս պահին ըմբիշները հավաք են անցկացնում: Նրանք կվերադառնան եւ հուլիսի 14-20-ը ընկած ժամանակահատվածում կկազմակերպվի եւ կանցկացվի մեդալակրի եւ ոչ միայն նրա պարգեւատրումը: Գագիկ Ծառուկյանի առատաձեռնության վրա թող ոչ ոք չկասկածի: Կլինեն նաեւ այլ պարգեւատրություններ, քանի որ բոլոր այս մարզիկներն, ովքեր պայքարի մեջ մտան Բաքվում, արդեն հերոսներ են»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում