00:28  ,  7 հուլիսի, 2015

Յուրա Մովսիսյան. «Սպարտակում» մրցակցությունից չեմ վախենում

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչպես է վնասվածք ստացել մարզման ժամանակ, Ռուսաստանի առաջնության մեկնարկին պատրաստ լինելու խնդիրների, թիմի նոր գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւի հետ հարաբերությունների մասին:

«Ոտնաթաթի ոսկրի բորբոքում էի ստացել: Ցավը զգացվում էր ամեն շարժումից: Վնասվածքը ստացա մարզման ժամանակ: Խուրադոյին եւ ինձ ծանրաբեռնում էին ցատկային վարժություններով: Շարել էին շատ արգելքներ եւ երկու օր մենք միայն ցատկում էինք այդ արգելքների վրայով: Ուրիշ ոչինչ չէինք անում: Չգիտեմ, թե դա ում նախաձեռնությունն էր, բայց ստացել էինք այդպիսի առաջադրանք եւ կատարում էինք: Դրանից հետո սկսվեցին խնդիրներ:

Եվս 2-3 օր կմարզվեմ անհատական ծրագրով եւ կմիանամ թիմին: Երկու ամիս չեմ մարզվել: Առաջնության մեկնարկին մնացել է 10 օր: Դժվար է ասել՝ կհասցնե՞մ պատրաստ լինել մեկնարկին: Ծանր կլինի, բայց ժամանակ դեռ կա:

Մրցակցությունից չեմ վախենում: Ակումբի համար էլ լավ կլինի եւս մեկ հարձակվողը: Ամեն թիմ պետք է ունենա 2-3 լավ հարձակվող: Երբ նոր էի «Կրասնոդարից» տեղափոխվել, «Սպարտակում» 5 հարձակվող կար, բայց ես մշտապես խաղում էի:

Դմիտրի Ալենիչեւն ասել է, որ ինձ տեսնում է իր ծրագրերում եւ ցանկանում է ինձ տեսնել խաղի մեջ: Ինձ համար դա կարեւոր է, քանի որ յուրաքանչյուր հարձակվողի համար ավելի վատ բան չկա, քան վստահության բացակայությունը մարզիչի կողմից»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է Championat-ը:

Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» հետ Շվեյցարիայում մասնակցում է մարզումային հավաքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում