02:47  ,  5 հուլիսի, 2015

Չիլին պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ամերիկայի գավաթակիր (ֆոտոշարք)

Չիլիի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Ամերիկայի գավաթակիր:

Չիլիում կայացած Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության եզրափակիչում տանտերերը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականին: Սանտիագոյում անցկացված եզրափակիչ խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին՝ 0:0:

11 մետրանոց հարվածաշարի ժամանակ արգենտինացիներից վրիպեցին Գոնսալո Իգուաինը եւ Էվեր Բանեգան, իսկ Լիոնել Մեսին դիպուկ էր: Չիլիացիներից Մատիաս Ֆերնանդեսը, Արտուրո Վիդալը, Չարլես Արանգիսը եւ Ալեքսիս Սանչեսն անվրեպ իրացրին 11 մետրանոցները:

Մրցաշարի լավագույն ռմբարկուներ դարձան չիլիացի Էդուարդո Վարգասն ու պերուացի Պաոլո Գերերոն, որոնք խփեցին 4-ական գոլ: Լավագույն դարպասապահի մրցանակը բաժին հասավ «Բարսելոնայի» չիլիացի ֆուտբոլիստ Կլաուդիո Բրավոյին:

Արգենտինայի հավաքականին Ամերիկայի գավաթակիր դարձել է 14 անգամ եւ այդ ցուցանիշով զիջում է միայն ուրուգվայցիներին, որոնք չեմպիոն հռչակվել են 15 անգամ եւ այս տարի չկարողացան պաշտպանել տիտղոսը:

Ամերիկայի Գավաթն անցկացվում է 4 տարին մեկ, սակայն հաջորդ՝ 45-րդ խաղարկությունը կկայանա հաջորդ տարի ԱՄՆ-ում, քանի որ 2016-ին լրանում է մրցաշարի 100-ամյակը:

Ամերիկայի Գավաթ, եզրափակիչ

Չիլի – Արգենտինա՝ 0:0

11 մետրանոցներով՝ 4:1

Չիլի. Կլաուդիո Բրավո, Մաուրիսիո Իսլա, Ֆրանցիսկո Սիլվա, Գարի Մեդել, Ժան Բոսեժուր, Մարսելո Դիաս, Չարլես Արանգիս, Արտուրո Վիդալ, Խորխե Վալդիվիա (Մատիաս Ֆերնանդես, 74), Ալեքսիս Սանչես, Էդուարդո Վարգաս (Անգելո Էնրիկես, 95): 

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Նիկոլաս Օտամենդի, Մարտին Դեմիչելիս, Մարկոս Ռոխո, Լուկաս Բիգլիա, Խավյեր Մասկերանո, Խավյեր Պաստորե (Էվեր Բանեգա, 81), Անխել Դի Մարիա (Էզեկյել Լավեցի, 33), Լիոնել Մեսի, Սերխիո Ագուերո (Գոնսալո Իգուաին, 74):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում