18:16  ,  4 հուլիսի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի հետ հաղթեց 17:0 հաշվով (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիան» հուլիսի 4-ին բարեգործական խաղ անցկացրեց տարբեր մարզաձեւերում աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն դարձած գերմանացի մարզիկներից կազմված թիմի հետ եւ առավելության հասավ ոչ ֆուտբոլային հաշվով: Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կայացած խաղում Թոմաս Տուխելի թիմը խփեց 17 անպատասխան գոլ: Դա գերմանացի մասնագետի առաջին հանդիպումն էր «Բորուսիայի» տնային ստադիոնում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, բայց, մասնակցելով առաջին խաղակեսին, գոլի հեղինակ չդարձավ: Թիմերն ընդմիջման գնացին 6:0 հաշվի ժամանակ: Տանտերերից հեթ-տրիկի հեղինակ դարձան գաբոնցի ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն ու գերմանացի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը, իսկ լեհ Յակուբ Բլաշչիկովսին ձեւակերպեց դուբլ:

Խաղից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի Deutsche Sporthilfe բարեգործական հիմնադրամին:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին եւս Հենրիխ Մխիթարյանը մեկ խաղակես էր անցկացրել «Բորուսիայի» ստուգողական խաղում եւ դարձել էր գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս