14:21  ,  3 հուլիսի, 2015

Կարեն Աղամալյան. Բաքվում որեւէ ռասիստական, հակահայկական դրսեւորումներ չեն եղել

Ես գոհ եմ բոլորից, ովքեր եկել էին Բաքու: Տեսնելով բռնցքամարտիկների մարզումները, նայելով իրենց աչքերին, ես հասկանում էի, որ լավ պետք է մասնակցեն: Բայց եղավ այն, ինչ եղավ: Մեզանից խլեցին մեր բրոնզե մեդալը, Արամ Ավագյանը եւ Սամվել Բարսեղյանը չեն պարտվել: Իսկ բրոնզե մեդալի համար մենամարտում Նարեկ Աբգարյանից խլեցին մեդալը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը՝ ամփոփելով Բաքվում կայացած Եվրոպական խաղերում հայ բռնցքամարտիկների մասնակցությունը:

«Մեր թիմի մասնակցությանը չի կարելի միանշանակ գնահատական տալ: Ես գոհ եմ բոլորից, ովքեր եկել էին Բաքու: Զուտ մարդկային ձեւով տղաները ցույց տվեցին, որ պատրաստ են ամեն ինչի։ Ոչ ոք չի կասկածել ռինգ մտնելուց իր ուժերի վրա: Բայց արդեն տրիբունաներում կային պաստառներ, որոնք գոտեպնդում էին մեր տղաների մրցակիցներին: Մարզասերները երկրպագում էին մեր մրցակիցներին: Նույնիսկ մրցավարներն էին ամաչում մեր աչքերին նայել, հանդիսատեսի արձագանքներից։ Որեւէ ռասիստական, հակահայկական դրսեւորումներ չեն եղել։ Բնական է, որ երկրպագուներն ընդգծված երկրպագում էին հակառակորդին։ Իսկ մեր տղաները պատրաստ էին, գիտեին, ուր էին գնում։

Մեր թիմում չկար ակնհայտ առաջատար, ումից կոնկրետ սպասում էինք մեդալ: Մենք ունեինք ամուր թիմ, որը պատրաստ էր կռվել մինչեւ վերջ: Ցավոք, մեզանից խլեցին մեկ բրոնզե մեդալ՝ Նարեկ Աբգարյանից, չեն պարտվել նաեւ Արամ Ավագյանը եւ Սամվել Բարսեղյանը: Իսկ մյուս տղաներն արեցին այնքան, ինչքան կարող էին։ Ես բոլորից էլ գոհ եմ, որովհետեւ նրանք արեցին ամեն ինչ, որ հասնեն հաղթանակի։

Իսկ բրոնզե մեդալի պայքարի համար Նարեկ Աբգարյանից խլեցին մեդալը: Մրցավարությունը հայ բռնցքամարտիկների դեմ էր: Չեմ ցանկանում ամեն ինչը գցել մրցավարության վրա, բայց եղան պահեր: Եղավ այն, ինչ եղավ:

Ապրիլի վերջին կայացավ մեր ֆեդերացիայի ժողովը եւ գրեթե 99 տոկոսով որոշվեց, որ թիմը պետք է մեկնի Բաքու: Մեր տղաները չէին գնացել լավ մասնակցելու համար: Տղաները գնացել էին հաղթանակի համար: Պարզ ճակատով մասնակցեցինք: Բռնցքամարտի դահլիճն այդքան մեծ չէր: Մեր թիկնապահներն ասացին, որ լավ կլինի թիմի մյուս անդամները մնան հանդերձարանում, բայց մեր տղաները հրաժարվեցին: Եվ նստեցին դահլիճում եւ հանդիսատեսին հավասար երկրպագեցին մեր տղաներին: Մեր ֆեդերացիայի նախագահը չէր եկել, բայց ամեն օր հեռախոսով կապի մեջ էր։ Խոսում էր մարզիկների հետ, գոտեպնդում, ոգեւորում»,- ասաց մարզիչը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով