10:03  ,  3 հուլիսի, 2015

Օզբիլիս. Մովսիսյանն առաջիկայում կհետազոտվի Հռոմում

Յուրա Մովսիսյանը մեծ ապրումներ ունի, որ բաց է թողնում նախապատրաստական փուլի շատ կարեւոր հատվածը, ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը՝ խոսելով ռուսական թիմի եւ ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խնդիրների մասին:

«Հաճախ ենք զրուցում Յուրայի հետ: Նա նախկինի նման որոշակի առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է մեկնի Հռոմ՝ բժշկական հետազոտման: Հույս ունեմ, որ շուտով կմիանա «Սպարտակին»: Նա հարցնում է մեր հավաքի, մարզումների մասին:

Ես երջանիկ եմ «Սպարտակում», սիրեցի այս ակումբը, որը տուն է դարձել ինձ համար: Անցած մրցաշրջանի ծանր պահերին էլ չեմ մտածել այլ ակումբ տեղափոխվելու մասին: Ցանկանում եմ հաջողությունների հասնել այստեղ: Նույնիսկ, Յակինի ժամանակ ես կապացուցեի, որ պետք եմ թիմին»,- ասել է Արաս Օզբիլիսը Sport-express-ին:

Արաս Օզբիլիսը «Սպարտակի» հետ մասնակցում է մարզումային հավաքի Շվեյցարիայում:

Ամերիկյան մամուլը հաղորդել էր, որ Յուրա Մովսիսյանի գնելու ցանկություն ունի «Ռեալ Սոլթ Լեյքը», որի կազմում հայ հարձակվողը հանդես է եկել 2007-2009 թվականներին՝ դանիական «Ռանդերս» տեղափոխվելուց առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում