21:30  ,  2 հուլիսի, 2015

«Սենթ Ջոնսթոնի» մարզիչ. Շատ հիասթափված եմ արդյունքից

Շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» գլխավոր մարզիչ Թոմի Ռայթը հետխաղյա ասուլիսում խոսեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երեւանի «Ալաշկերտից» նվազագույն հաշվով կրած պարտության մասին:

«Շատ հիասթափված եմ արդյունքից, քանի որ ընդամենը 15 րոպե զիջեցինք մրցակցին: Մենք գիտենք, որ կարող ենք խաղալ ավելի լավ: Դիմակայությունը դեռ չի ավարտվել: Մենք ունենք հաղթելու հնարավորություն: «Ալաշկերտից» ակնկալում էի այսպիսի ագրեսիվ ու կոշտ ֆուտբոլ:

Չեմ կարծում, որ «Ալաշկերտը» կարող էր հաջողության հասնել, եթե հանդես գար Շոտլանդիայի առաջնությունում: Երեւանյան եղանակն ազդեց մեր խաղի վրա եւ առավելություն տվեց մեր մրցակցին: Եղանակի գործոնը զգալ տվեց»,- նշեց մարզիչը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» եւ «Սենթ Ջոնսթոնի» միջեւ պատասխան հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 9-ին Շոտլանդիայում: Երեւանյան խաղում հայկական ակումբը հաղթեց փոխարինման դուրս եկած Միհրան Մանասյանի գոլի շնորհիվ:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով