21:24  ,  2 հուլիսի, 2015

Աբրահամ Խաշմանյան. Իմ ֆուտբոլիստներին թույլ չեմ տա ընկնել էյֆորիայի մեջ

Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» նկատմամբ հաղթանակը նվազագույն հաշվով:

«Բոլորս էլ տեսանք, որ մեր թիմը շատ կազմակերպված էր խաղում: Գերազանց կատարեցինք խաղի ծրագիրը եւ տակտիկական առաջադրանքները, բայց պետք չէ մոռանալ, որ ունենք պատասխան խաղ, որին պետք է լավ պատրաստվենք: Մրցակցի խաղադաշտում շատ բարդ է լինելու:  «Սենթ Ջոնսթոնը» շատ ամուր ու կազմակերպված թիմ է:

Կարծում եմ՝ իմ թիմը 90 րոպե բարձր մակարդակի ֆուտբոլ խաղաց բոլոր առումներով: Մենք դեռ 15 օր է մարզումային գործընթացում ենք, եւ եթե այսպես խաղացինք, նշանակում է լավ վիճակում ենք: Մրցակիցը եւս հզոր թիմ է: Խաղը ցույց տվեց, որ մենք ֆիզիկական լավ վիճակում ենք: Մեկ շաբաթ ունենք պատասխան հանդիպման համար եւ պատրաստվելու ենք՝ ինչպես բոլոր խաղերին: Երկար ճանապարհ անցնելը խնդիր է, եւ նույնիսկ չգիտեմ, թե ինչպես ենք մեկնելու Շոտլանդիա: Մեկ ամբողջ օր ճանապարհին ենք լինելու:

Երկրորդ հարձակվողին դուրս բերեցինք խաղադաշտ, քանի որ զգացի, որ կարող ենք հաղթել: Ամեն ինչ էլ ծրագրվում է, այլ հարց է՝ դա աշխատում է, թե՝ ոչ: Այսօր մեր գլխավոր խնդիրը գոլ բաց չթողնելն էր, բայց ռիսկի դիմեցինք: Մեր բրազիլացի հարձակվող Արաուժու Դոս Սանթոսը բարձրակարգ խաղացող է: Նույնիսկ մեկ հպումից արդեն երեւում է խաղացողի կարգը: «Ալաշկերտը» հզոր թիմ է եւ ավելի է հզորանալու: Բոլորիս շնորհավորում եմ, սա մեծ հաղթանակ էր: Վստահեցնում եմ, որ իմ ֆուտբոլիստներին թույլ չեմ տա ընկնել էյֆորիայի մեջ:

Վերջում, բոլոր մարզական լրագրողներին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ: Բոլորիդ շատ հարգում եւ սիրում եմ, եւ միշտ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին»,- ասաց մարզիչը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղով «Ալաշկերտը» նորամուտը նշեց եվրագավաթներում եւ հաղթեց փոխարինման դուրս եկած Միհրան Մանասյանի գոլի շնորհիվ: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 9-ին Շոտլանդիայում:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով