20:53  ,  2 հուլիսի, 2015

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտի» հաղթական նորամուտը

Երեւանի «Ալաշկերտը» նորամուտը հաղթանակով նշեց եվրագավաթներում: Եվրոպայի լիգայի 2015/16թթ. մրցաշարի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընդունեց շոտլանդական «Սենթ Ջոնսթոնին» եւ Միհրան Մանասյանի գոլի շնորհիվ հաղթեց նվազագույն հաշվով:

«Ալաշկերտն» ավելի ակտիվ սկսեց խաղը եւ սկզբնամասում ուներ նկատելի առավելություն: Առաջին խաղակեսում շոտլանդացիները հաճախ չէին գրոհում եւ ընդամենը մեկ վտանգավոր հարված կատարեցին դաշտի տերերի դարպասին: Երեւանցիներին չհաջողվեց խաղային ու տարածքային առավելությունը վերածել գոլի, սակայն տանտերերը մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ:

Ընդմիջումից հետո պատկերը չփոխվեց: «Ալաշկերտը» շատ ավելի լավ տեսք ուներ եւ շարունակում էր վերահսկել գնդակը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում շոտլանդական ակումբն ավելի շատ մտածում էր սեփական դարպասն անառիկ պահելու մասին, քան հարձակվելու: 57-րդ րոպեին «Ալաշկերտի» կազմում փախարինման դուրս եկավ Միհրան Մանասյանը, ով 2 րոպե անց բացեց հաշիվը: Բաց թողած գոլից հետո հյուրերն արդեն սկսեցին մտածել նաեւ առաջ շարժվելու մասին եւ ավելի հաճախ էին գրոհում, սակայն «Ալաշկերտը» հաջող էր պաշտպանվում ու կարողացավ պահպանել հաղթական հաշիվը, թեեւ վերջնամասում զգալիորեն նվազեցրել էր ճնշումը: Վերջնամասում հյուրերն ակտիվացել էին, բայց խաղը փրկել չհաջողվեց:

«Ալաշկերտի» եւ «Սենթ Ջոնսթոնին» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Շոտլանդիայում: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում մրցելու է կամ սերբական «Ցրվենա Զվեզդայի», կամ ղազախական «Կայրաթի» հետ:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Ալաշկերտ» (Հայաստան) - «Սենթ Ջոնսթոն» (Շոտլանդիա)՝ 1:0

Միհրան Մանասյան, 59

«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Վահագն Մինասյան (ավագ), Ֆոֆանա Սեկու, Արարատ Առաքելյան, Գեւորգ Պողոսյան, Արտակ Գրիգորյան (Արամ Հովսեփյան, 90+3), Կարեն Մուրադյան, Սերգեյ Ուսենիա (Միհրան Մանասյան, 57), Արամ Բարեղամյան, Խորեն Վերանյան, Նորայր Գյոզալյան (Արաուժու Դոս Սանթոս, 80)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով