18:51  ,  1 հուլիսի, 2015

Հայկական թենիսի ծանր ներկան. հարցազրույց

Պետք չէ թենիսը համեմատել ըմբշամարտի կամ այլ մարզաձեւերի հետ: Ովքեր թենիսից գաղափար չունեն, ծաղրում են, երբ իմանում են, որ մեր մարզիկներից մեկը աշխարհում 1700 կամ 1800-րդ համարն է: Աշխարհում կա վարկանիշ ունեցող 30 միլիոն թենիսիստ եւ 20 միլիոն թենիսիստուհի։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է թենիսի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը՝ խոսելով հայկական թենիսում առկա խնդիրների մասին։

Պարոն Ավետիսյան, ի՞նչ է հարկավոր Հայաստանում թենիսը զարգացնելու, ուժեղ թենիսիտներ ունենալու համար:

Թենիսը վարկանիշային մարզաձեւ է: Պետք է շատ մասնակցես մրցաշարերին, որպեսզի շատ վարկանիշ ձեռք բերես: Իսկ շատ խաղալը, միջազգային մրցաշարերի մեկնելը կապված է մեծ ֆինանսների հետ: Եթե մենք ցանկանում ենք արդյունք ունենալ, 12 տարեկանից սկսած թենիսիստի վրա տարեկան ավելի քան 30-40  հազար դոլար գումար է անհրաժեշտ ծախսել։

Ինչպիսի՞ն է թենիսիտների եւ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի համագործակցությունը:

Ֆեդերացիան կարողանում է օգնել, աջակցել մեր մարզիկներին այնքանով, որքանով հնարավոր է: Հավաքականների առաջին համարները մարզվելու, անվճար կորտի խնդիր չունեն։ Ֆեդերացիան ֆինանսավորում է կոնկրետ մրցաշարերի մասնակցություն՝ Դեւիսի Գավաթ, Ֆեդերացիայի գավաթ, 14 տարեկանների Եվրոպայի զարգացման մրցաշարը:

Այնպես չէ, որ հայկական թենիսում արդյունքներ բացարձակ չկան, աշխատանք չի տարվում: Ուղղակի պետք չէ հայկական թենիսի արդյունքները համեմատել, օրինակ, ըմբշամարտի հետ: Ֆուտբոլը, թենիսը բարդ մարզաձեւեր են: Չենք կարողանում մենք ֆուտբոլի, թենիսի աշխարհի չեմպիոն դառնանք, 1-5-րդ տեղեր զբաղեցնել, կամ 1-10-րդ տեղերում լինել: Շատ դժվար է: Ահռելի գումարներ են պետք:

Իսկ Օլիմպիական կոմիտեն ինչո՞վ է աջակցում թենիսի զարգացմանը:

Հեռանկարային թենիսիստներին ՀԱՕԿ-ն աջակցում է, ֆինանսավորում միջազգային մրցաշարեր մեկնելիս: Օրինակ՝ հուլիսի 3-ին Հարավային Կորեայում կմեկնարկեն Համաշխարհային ուսանողական խաղերը: Մենք դիմել ենք ՀԱՕԿ-ին, որպեսզի աջակցի: Ունենք մեկ մասնակից՝ մեր առաջատար Միքայել Ավետիսյանն է մեկնել: Երիտասարդ թենիսիստը վերջին շրջանում մասնակցեց Futures կարգի հինգ մրցաշարի, ձեռք բերեց միջազգային վարկանիշ: Հուլիսի 4-ից Միքայելը դուրս կգա պայքարի:

Բացի այդ՝ հուլիսի 25-ից մինչեւ օգոստոսի 2-ը Թբիլիսիում անցկացվելու է Եվրոպական պատանեկան օլիմպիական խաղեր՝մինչեւ 15 տարեկանների միջեւ: Հայաստանը կներկայացնեն Դավիթ Նազարեթյանը, Գեւորգ Բայաթյանը, Մարինա Դավթյանը եւ Տաթեւիկ Ջավաթյան:

Ֆեդերացիան շատ լավ հարաբերությունների մեջ է ՀԱՕԿ-ի հետ: Յուրաքանչյուր հարցով, որ դիմում ենք, մեզ օգնում են, աջակցում են:

Օլիմպիական ուղեգիր նվաճելու ի՞նչ հեռանկարներ կան։

Բարդ հարց է։ Թենիսում պետք է մինչեւ տարվա վերջ մեծահասակների 50-ի կամ 60-ի մեջ մտնես, որ օլիմպիական վարկանիշ ունենաս: Ովքեր թենիսից գաղափար չունեն, ծաղրում են, երբ իմանում են, որ մեր մարզիկներից մեկը աշխարհում 1700-րդ կամ 1800-րդ համարն է: Աշխարհում կա վարկանիշ ունեցող 30 միլիոն թենիսիստ եւ 20 միլիոն թենիսիստուհի։

Ի՞նչ աշխատանք է տարվում  սպորտի նախարարության հետ։ Որքա՞ն գումար է թենիսի ֆեդերացիան ստանում նախարարությունից,  ինչպե՞ս է բաշխվում այդ գումարը:

Սպորտի նախարարությունը հետեւում է մեր մրցաշարերին, Հայաստանի առաջնություններին: Թենիսի ֆեդերացիայի բյուջեն 5 մլն դրամ է: Բայց մենք այդ 5 մլն դրամով չէ, որ անցկացնում ենք մեր մրցաշարերը: Ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանն էլ ֆեդերացիային տրամադրում է ավելի քան 15 մլն դրամ, որպեսզի մենք կարողանանք ֆինանսապես տեղավորվել այս բյուջեի մեջ եւ մասնակցել կարեւորագույն մրցաշարերին, անցկացնել Հայաստանի առաջնություն, Ֆեդերացիայի Գավաթ:

Ֆեդերացիայի բյուջեն ավելացնելու խնդրանքով ամեն տարի դիմում ենք, ամեն տարի խոստանում են, բայց դեռ տեղաշարժ չկա: Կառավարությունը գումարներ ավելացնում է այն մարզաձեւերին, որոնցում արդյունքներ կան: Պետբյուջեի տրամադրած 5 միլիոնով չես կարողանա իրականացնել նույնիսկ մեկ թենիսիստի տարեկան ծրագիր՝ մարզումներ, հավաքներ, միջազգային մրցաշարեր, Հայաստանի առաջնություն: Հայաստանում չկա մի թենիսիստ, ով ունենա տարեկան մարզումային-մրցումային ծրագիր, որովհետեւ չկա գումար: Իսկ եթե մարզիկը չունի տարեկան պլան, ուրեմն դու անդունդում ես։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում