11:45  ,  1 հուլիսի, 2015

«Փյունիկ» - «Ֆոլգորե». «Սթափվե՛ք, սթափվե՛ք»

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին», որը 70-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով եւ գոլն էլ խփեց կարմիր քարտ ստանալուց հետո: Հուլիսի 7-ին Սան Մարինոյում կայանալիք պատասխան հանդիպումից առաջ NEWS.am Sport-ը գնահատել է Հայաստանի չեմպիոնի ֆուտբոլիստների գործողությունները երեւանյան խաղում:

Անատոլի Այվազով. «Երիտասարդ դարպասապահը մնացել էր առանց աշխատանքի: «Ֆոլգորեն» հազվադեպ էր գրոհում եւ տանտերերի դարպասին կատարեց ընդամենը մեկ դիպուկ հարված, որն ավարտվեց դարպասի գրավումով: Բաց թողած գոլում դժվար է մեղադրել Այվազովին, քանի որ անկյունայինի խաղարկման արդյունքում հարվածը ստացվեց շատ հաջող»:

Գրիգոր Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան. «Դժվար է գնահատական տալ «Փյունիկի» պաշտպանների խաղին, քանի որ մրցակիցը հազվադեպ էր մոտենում դաշտի տերերի դարպասին: «Ֆոլգորեի» կարգի թիմը, բնականաբար, մեծ հույսեր էր կապելու ստանդարտ դիրքերի հետ, սակայն երեւանյան ակումբի պաշտպանները չկարողացան զգոն գտնվել մրցակցի իրացրած 3 անկյունայիններից մեկի ժամանակ: Առանց աշխատանքի մնացած Վարազդատ Հարոյանն ու Տարոն Ոսկանյանը սխալվելու իրավունք պարզապես չունեին, իսկ «Փյունիկի» եզրային պաշտպանները կարող էին ավելի ագրեսիվ գործել: Եթե Գրիգոր Հովհաննիսյանը երբեք չէր մտածում գրոհներին միանալու մասին, ապա Լեւոն Հայրապետյանը հաճախ էր տեղափոխվում մրցակցի կիսադաշտ, իսկ երկրորդ խաղակեսում երբեմն չէր էլ հեռանում այնտեղից: Հետաքրքիր է, թե երբ պետք է եզրային պաշտպանը միանա գրոհներին, եթե ոչ այսպիսի խաղում, որում մրցակիցը գրեթե չի գրոհում, իսկ պաշտպանությունում անելիքներ պարզապես չկան»:

Ռումյան Հովսեփյան. «Դժվար է գնահատել այս ֆուտբոլիստի պոտենցիալը: Ինչպես Հայաստանի ագզային հավաքականում, այնպես էլ այստեղ Ռումյանը չափազանց զգույշ է գործում: Նա պետք է կատարեր խաղ կառուցողի պարտականություններ, սակայն սովորականի պես աչքի չընկավ գոնե մեկ ոչ ստանդարտ գործողությամբ: Երբեմն ռիսկի դիմելու փոխարեն, Հովսեփյանը շատ է սիրում հետ փոխանցումներ կատարել պաշտպաններին: Եթե նույնիսկ այսպիսի մրցակիցների դեմ խաղերում այս ֆուտբոլիստը չի ցանկանում ռիսկի դիմել, ապա բարդ է նրանից ավելին պահանջել ազգային հավաքականի մակարդակի հանդիպումներում: Զարմանալի չէ, որ մարզիչը նրան փոխարինեց ընդմիջմանը»:

Արթուր Յուսպաշյան. «Յուսպաշյանը 2 հենակետայիններից մեկն էր եւ կատարեց մեծ աշխատանք: Կարծես նա էր իր վրա վերցրել խաղ կառուցողի պարտականությունները: Սակայն, ինչպես Ռումյան Հովսեփյանի դեպքում, այնպես էլ նրա մոտ քիչ էին ոչ ստանդարտ գործողությունները, որոնք միշտ սպասվում են միջին գծում հանդես եկող ֆուտբոլիստներից, այն էլ՝ այս մակարդակի թիմի դեմ խաղում»:

Կամո Հովհաննիսյան. «Ակնհայտ է, որ այս ֆուտբոլիստի արագությունն ու մնացած խաղային որակները շատ տարբեր մակարդակների վրա են: Այս խաղում եւս Կամոն փորձում էր օգտագործել իր բարձր արագությունը, թեեւ մրցակիցը պաշտպանվում էր մեծ ուժերով եւ ազատ տարածություններ գրեթե չէր տալիս: Այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մի քանի անգամ արագությամբ շրջանցեց մրցակցին, սակայն եզրափակիչ փոխանցումները շատ անհաջող էին ստացվում»:

Զավեն Բադոյան. «Բադոյանը հանդես էր գալիս կիսապաշտպանության ձախ եզրում եւ հաճախ տեղափոխվում էր կենտրոն: Նա կատարեց մի քանի հարված, որոնք շեղ ընթացան: Տեխնիկապես լավ պատրաստված այս ֆուտբոլիստը եւս ազատ տարածություն չէր ստանում, բայց նա ամենաակտիվներից էր խաղադաշտում: Հաճախ Զավենն իր դրիբլինգով լարվածության մեջ էր պահում մրցակցի պաշտպաններին»:

Վարդգես Սաթումյան. «Փյունիկի» նորեկը թերեւս լավագույններից էր երեւանյան ակումբի կազմում եւ նաեւ խփեց խաղի առաջին գոլը: Սաթումյանը դեռ չի շտապում իր վրա վերցնել խաղը, ինչը նրա մոտ լավ էր ստացվում «Միկայում»: Շատ դեպքերում Վարդգեսն արագ ազատվում է գնդակից եւ դեռ փորձում է արժանանալ ակումբակիցների վստահությանը»:

Ջերեմիա Ջոն. «Նիգերիացի հարձակվողը պետք է փոխարիներ «Փյունիկի» ընդգծված առաջատար ու լավագույն ռմբարկու Սեզար Ռոմերոյին, ով շուտով կարող է հեռանալ Հայաստանից: Ակնհայտ է, որ Ջոնը դեռ չի հարմարվել «Փյունիկի» խաղային փիլիսոփայությանը: Նիգերիացին կորցրեց մի քանի գոլային պահեր, որոնք իրացնելու դեպքում խաղը կարող էր այլ ընթացք ստանալ»:

Սեզար Ռոմերո. «Մեքսիկացի հարձակվողը փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը եւ 2 րոպե անց դարձավ գոլի հեղինակ: Գուցե առաջին խաղակեսում «Փյունիկին» պետք էր հենց Սեզարի կարգի հարձակվող: Չնայած արագ գոլին՝ թիմակիցները չէին շտապում խաղը կառուցել Ռոմերոյի շուրջը: Մրցակցի երկշերտ պաշտպանության պատճառով մեքսիկացին գոլ խփելուց հետո ավելի խորքից էր խաղում եւ փորձում էր դարպասը գրավել հեռվից հարվածներով, սակայն դրանք շեղ էին ստացվում: Ռոմերոն ուշացումով է միացել «Փյունիկին» եւ դեռ լավագույն մարզավիճակում չէ»:

Ռազմիկ Հակոբյան. «Երիտասարդ հարձակվողը փոխարինման դուրս եկավ խաղի վերջին 25 րոպեներին: Նրա մոտ նկատվում էր մեծ ցանկություն, սակայն գուցե փորձի պակասը դեռ զգալ է տալիս այս կարգի հանդիպումներում»:

Սարգիս Շահինյան. «Շահինյանը խաղադաշտում անցկացրեց 10 րոպե եւ հիշվող գործողություններով աչքի չընկավ: Խաղի վերջնամասում «Ֆոլգորեն» ամբողջ թիմով պաշտպանվում էր, այդ պատճառով Շահինյանը փոխարինեց եզրային պաշտպան Գրիգոր Հովհաննիսյանին եւ հանդես էր գալիս կիսապաշտպանությունում»:

Սարգիս Հովսեփյան. «Այս խաղում «Փյունիկի» գլխավոր մարզիչը մեկնարկային կազմում ընդգրկել էր թիմի 3 նորեկներին՝ նախորդ մրցաշրջանի մեծ մասը Դոնեցկի «Մետալուրգի» փոխարինողների թվում անցկացրած Ռումյան Հովսեփյանին, անհասկանալի մարզավիճակում գտնվող Ջերեմիա Ջոնին ու Վարգես Սաթումյանին: Եթե Սաթումյանն արդարացրեց սպասելիքները, ապա մյուս երկուսի խաղին դժվար է տալ բարձր գնահատական:

Չեմպիոնների լիգայում դժվար է պատկերացնել «Ֆոլգորեից» ավելի թույլ մրցակից, սակայն խաղից հետո Սարգիս Հովսեփյանը նշեց, որ բարդ է խաղալ 15 ֆուտբոլիստներով պաշտպանվող թիմի դեմ: Գուցե երիտասարդ մասնագետը բաց ու հարձակողական ֆուտբոլ էր ակնկալում մի թիմից, որի ֆուտբոլիստներից շատերը կիսապրոֆեսիոնալ են զբաղվում են նաեւ այլ աշխատանքով: Այնուամենայնիվ, Հովսեփյանն ընդգծեց նաեւ, որ որակ կար եւ այս խաղով թիմն ավելի մեծ շանսեր կունենա նորվեգական «Մոլդեի» դեմ դիմակայությունում:

Այս իրավիճակում, երեւի, տեղին կլինի օգտագործել վերջին օրերեին հայաստանյան համացանցում հիթ դարձած «սթափվե՛ք, սթափվե՛ք» արտահայտությունը: «Փյունիկին» սթափվել պետք է, այլապես «Բանանցի» նախորդ տարվա խայտառակությունը կարող է կրկնվել:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով