22:09  ,  30 հունիսի, 2015

Սարգիս Հովսեփյան. Խաղադաշտում մեկ թիմ էր

Սա ֆուտբոլ է, այլ ոչ թե պատվերով համերգ, որպեսզի 6 գոլ խփենք: Այս մասին հայտարարել է Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, ով Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» նկատմամբ հաղթանակից հետո հետխաղյա ասուլիսում պատմեց տպավորությունների մասին:

«Այսօր խաղադաշտում մեկ թիմ էր, եւ դա «Փյունիկն» էր: Լավ էինք խաղում եւ հաջողվեց առաջին րոպեներից պրեսինգի դիմել, ինչպես ծրագրել էինք: Որակ կար, թեեւ առաջին գոլն ուշ խփեցինք: Վստահ եմ, որ մրցակցի խաղադաշտում ավելի լավ ենք խաղալու: Դժվար է խաղալ 15 ֆուտբոլիստներով պաշտպանվող թիմի դեմ: Նրանք ամբողջ թիմով մտել էին դարպասը, իսկ մեր առավելությունն ակնհայտ էր, սակայն պահերն իրացնել չստացվեց: Կկրկնեմ, որ այսօր խաղադաշտում մեկ թիմ էր: Ես նշել էի, որ լավ կլինի, եթե այս խաղում 80 տոկոսով վճռենք դիմակայության ելքը, սակայն սա ֆուտբոլ է, այլ ոչ թե պատվերով համերգ, որպեսզի 6 գոլ խփենք: 

Դա ինձ չի վերաբերում՝ «Ֆոլգորեի» ֆուտբոլիստները ծխում են, թե՝ ոչ: Շատ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են ծխում եւ խմում: Գլխավորն այն է, որ մենք հաղթել ենք եւ հաղթանակով ենք մեկնելու Սան Մարինո: Վստահ եմ՝ այնտեղ եւս հաղթելու ենք:

Սեզար Ռոմերոն ավելի ուշ էր միացել մեզ, այդ պատճառով որոշեցինք մեկնարկային րոպեներից նրան դուրս չբերել խաղադաշտ: Այս որակի խաղով մենք ավելի մեծ շանսեր կունենանք նորվեգական «Մոլդեի» դեմ դիմակայությունում»,- ասաց Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնն առավելության հասավ 2:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Սան Մարինոյում: «Ֆոլգորեի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում կհանդիպի նորվեգական «Մոլդեի» հետ: 

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով