21:52  ,  30 հունիսի, 2015

Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» չօգտվեց կարմիր քարտից եւ մեկ գոլի առավելությամբ կմեկնի Սան Մարինո

Երեւանի «Փյունիկը» ոչ տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Առաջին խաղում հայկական ակումբը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին», որին հաղթեց 2:1 հաշվով:

Հայաստանի չեմպիոնը մեծ առավելություն ուներ առաջին խաղակեսում, սակայն գոլ խփեց միայն ընդմիջումից վայրկյաններ առաջ: Խաղի հենց մեկնարկից տանտերերը վերահսկում էին գնդակը, իսկ «Ֆոլգորեն» հազվադեպ էր մոտենում մրցակցի դարպասին եւ հիմնականում մտածում էր պաշտպանության մասին: Խաղի առաջին իրական գոլային պահն ունեցավ «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Ջերեմիա Ջոնը, ով 7-րդ րոպեին մեն-մենակ դուրս եկավ հյուրերի դարպասապահի դեմ, բայց չգրավեց դարպասը: Դրանից հետո էլ երեւանյան ակումբը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեց մի քանի վտանգավոր հարվածներ, որոնք եւս գոլով չավարտվեցին: Առաջին խաղակեսի վերջնամասում «Փյունիկը» նվազաեցրեց ճնշումը, թեեւ բացեց հաշիվը: 45-րդ րոպեին «Փյունիկի» նորեկ Վարդգես Սաթումյանը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: 

Ընդմիջմանը փոխարինման դուրս եկավ Հայաստանի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու Սեզար Ռոմերոն, ով շատ արագ ապացուցեց իր բարձր կարգը: 48-րդ րոպեին մեքսիկացի հարձակվողը կրնապատկեց «Փյունիկի» առավելությունը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասն անցնում էր հյուրերի կիսադաշտում, բայց՝ առանց իրական գոլային պահերի: «Փյունիկը» շարունակում էր վերահսկել գնդակը, իսկ «Ֆոլգորեն» հիմնական ուժերը կենտրոնացրել էր պաշտպանության վրա: 70-րդ րոպեին «Ֆոլգորեի» ֆուտբոլիստ Ֆաբիո Չեսկին խաղադաշտից հեռացվեց երկրորդ անգամ զգուշացվելուց հետո, սակայն դա հյուրերին չխանգարեց գոլ խփել հաջորդ րոպեին: Սան Մարինոյի չեմպիոնը հաշիվը կրճատեց անկյունային հարվածի խաղարկման արդյունքում: Վերջնամասում Սարգիս Հովսեփյանի թիմը չկարողացավ ստեղծել վտանգավոր պահեր ու օգտվել քանակական առավելությունից եւ Սան Մարինո կմեկնի մեկ գոլի առավելությամբ:

«Փյունիկի» եւ «Ֆոլգորեի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Սան Մարինոյում: «Ֆոլգորեի» արգելքը հաղթահարելու դեպքում երեւանյան ակումբը որակավորման երկրորդ փուլում կհանդիպի նորվեգական «Մոլդեին»: 

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Փյունիկ» (Հայաստան) – «Ֆոլգորե» (Սան Մարինո)՝ 2:1

Վարդգես Սաթումյան, 45+2, Սեզար Ռոմերո, 48 – Խոսե Հիրշ, 71

Հեռացում՝ Ֆաբիո Չեսկի, 71 («Ֆոլգորե»)

«Փյունիկ». Անատոլի Այվազով, Գրիգոր Հովհաննիսյան (Սարգիս Շահինյան, 79), Վարազդատ Հարոյան,  Տարոն Ոսկանյան (ավագ), Լեւոն Հայրապետյան, Արթուր Յուսպաշյան, Ռումյան Հովսեփյան (Սեզար Ռոմերո, 46), Կամո Հովհաննիսյան, Զավեն Բադոյան, Վարդգես Սաթումյան, Ջերեմիա Ջոն (Ռազմիկ Հակոբյան, 65)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով