14:35  ,  30 հունիսի, 2015

Արայիկ Բաղդադյան. Եթե Խաղերը չլինեին Բաքվում, մենք կունենայինք 3-4 մեդալ, այդ թվում՝ ոսկե

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց Բաքվում անցկացված առաջին Եվրոպական մարզական խաղերը:

«Բաքվի խաղերին մասնակցեցինք 6 ազատ ոճի ըմբիշներով: Ցավոք, մեզ չհաջողվեց մեդալ նվաճել: Ըմբիշները տրամադրված էին լավ մասնակցության: Սա սպորտ է, եւ անկանխատեսելի է, թե ինչպես կլինի: Բաքվում մեր տղաները սպասվածից ցածր հանդես եկան: Անվտանգության առումով ոչ մի խոչընդոտ չկար մեզ համար, մենք պաշտպանված էինք եւ որեւէ խնդիր այնտեղ չունեցանք: Մեր տղաների վատ մասնակցության պատճառը հոգեբանական էր: Իրականում, Բաքվում շատ խոսվեց այնտեղ չպարտվելու, լավ մասնակցություն ունենալու, այդ երկրում հաղթանակ ունենալու մասին: Մեր մարզիկները Բաքու մեկնեցին հոգեբանական լարվածությամբ, որ իրենցից հաղթանակ են սպասում: Նրանցից յուրաքանչյուրն ուղղակի շատ էր ցանկանում մեդալ նվաճել, բայց ստացվեց հակառակը: Գորգը ցույց տվեց, որ մերոնք հոգեպես պատրաստ չէին Բաքվում հանդես գալուն:

Չեմ ցանկանում արդարացնել մեր տղաներին, բայց իրականությունն այն է, որ մրցավարական մեծ խախտումներ եղան: Յուրաքանչյուր գոտեմարտի ժամանակ, երբ գորգում հայ ըմբիշ էր, անմիջապես մեկ րոպեից հետո առաջին նկատողությունը տրվում էր մեր տղաներին: Եթե մի տեղ կա մրցավարի գործոն, կլինի կողմնապահություն՝ լինի դա Ադրբեջանում, Թուրքիայում, թե՝ մեկ այլ երկրում: Բայց ես գոհ եմ տղաներից: Ես մեր թիմի համար տապալում չեմ համարում: Եթե դժվարություններ չես անցնում, հաղթանակի հասնելը դժվար է: Մենք ունենք չեմպիոններ, եւ նրանք բոլորն էլ ունեն աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելու շատ մեծ հնարավորություն: Բոլորի հետ էլ զրուցել եմ, բոլորն էլ շատ վատ են զգում, որ մեդալ չեն նվաճել:

Կազմակերպչական մասը շատ բարձր մակարդակի վրա էր, անվտանգությունն՝ ըստ երաշխավորածի: Ուղղակի իսկապես շատ ծանր մրցումներ էին մերոնց համար: Հենց կարդում էին Հայաստան կամ հայտարարում հայ մարզիկի անունը, անմիջապես լսվում էին սուլոցներ, բղավոցներ ու դժգոհության ձայներ: Մերոնք մտնում էին գորգ չպարտվելու նպատակով: Հաղթանակի մասին չէին մտածում, այլ չպարտվելու նպատակ կար: Օրինակ՝ Դավիթ Սաֆարյանը չէր մտածում հաղթելու մասին, նա մտածում էր չպատրվելու մասին: Մարզիկների նպատակը միայն Բաքվում չպարտվելն էր, ինչն էլ խանգարեց նրանց: Եթե Խաղերը չլինեին Բաքվում, մենք կունենայինք 3-4 մեդալ, այդ թվում՝ ոսկի: Սա մեր համար զուտ աշխարհի առաջնության նախապատրաստական փուլն էր: Սեպտեմբերի 6-11-ը պատրաստվում ենք ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Մինչեւ աշխարհի առաջնությունն ունենք մի քանի հավաքներ եւ հուլիսի 3-17-ը Ծաղկաձորում անցկացվելիք միջազգային մրցաշար, որին մասնակցելու են նաեւ Ղրղըզստանի, Մոլդովայի եւ Վրաստանի հավաքականները: Դրանից հետո հուլիսի 17-19-ը Երեւանում կանցկացվի օլիմպիական փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի 20-րդ ավանդական միջազգային մրցաշարը: Օգոստոսի 1-14-ը հավաք կանցկացնենք Ռուսաստանում, հետո՝ օգոստոսի 17-30-ը՝ Վրաստանում, իսկ վերջին հավաքը նախատեսված է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: Կրկին լինելու է ընդհանուր հավաք. դա միազգային ֆեդերացիան կազմակերպել նրանց համար, ովքեր ցանկանում են օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը վերջին հավաքն անցկացնել մրցավայրում: Աշխարհի առաջնությունից մեդալի եւ օլիմպիական ուղեգրի ակնկալիքներ ունենք: Նախաօլիմպիական աշխարհի առաջնությունները շատ ուժեղ են լինում: Ես հույս ունեմ, որ մեդալ կնվաճենք: Շատ դժվար է լինելու, բայց հնարավորություններ ունենք: Աշխարհի առաջնության վերջնական կազմը կհայտարարենք Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարից հետո»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանի թիմը ելույթն ավարտել էր մեկ արծաթե մեդալով, որը հունիսի 14-ին նվաճել էր Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում