00:41  ,  30 հունիսի, 2015

Դմիտրի Ալենիչեւ. Նախատեսում ենք հարձակման գծի ուժեղացում

Կազմի ուժեղացում նախատեսվում է, ասել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը: Ռուսական ակումբը փնտրում է հարձակվողի:

«Ես զբաղվում եմ կազմի հնարավոր համալրումներով եւ մշտապես խորհրդակցում եմ ակումբի ղեկավարության հետ: Նախատեսում ենք հարձակման գծի ուժեղացում: Թե ինչպես կդասավորվեն բանակցությունները, դեռ չեմ կարող ասել: Այժմ բոլոր ակումբներն են փորձում նոր խաղացողների ձեռք բերել, «Սպարտակը» բացառություն չէ»,- Դմիտրի Ալենիչեւի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակը» ստուգողական հանդիպում է անցկացրել Ավստրիայում՝ խաղալով «Դորնբիրն 1913» թիմի հետ: Ռուսական թիմը հաղթել է 12:0 հաշվով: Դմիտրի Ալենիչեւի գլխավորած թիմի մեկնարկային կազմում է եղել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որն անցկացրել է առաջին խաղակեսը: Սա «Սպարտակի» առաջին հանդիպումն էր Ալենիչեւի ղեկավարությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում