19:17  ,  29 հունիսի, 2015

«Ֆոլգորեի» մարզիչ. «Փյունիկը» լավ թիմ է, բայց վիճակահանությունից գոհ ենք

Մեր ակումբի բոլոր խաղացողներն իտալացիներ են, իսկ Սան Մարինոյի հավաքականից ունենք 4 ֆուտբոլիստներ: Այս մասին ասել է ֆուտբոլի Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» գլխավոր մարզիչ Նիկոլա Բերարդին՝ նախախաղային ասուլիսում անդրադառնալով Երեւանի «Փյունիկի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղին, որը կկայանա հունիսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

«Մեր տրամադրությունը շատ լավ է: Եկել ենք Հայաստան՝ գեղեցիկ խաղ ցուցադրելու սպասումով: Գուցե բարդ կլինի, բայց կարծում ենք, որ խաղը գեղեցիկ կստացվի: Մենք այստեղ ենք ոչ թե արձակուրդի համար, այլ խաղալու: Գիտենք, որ «Փյունիկը» բավական լավ թիմ է եւ ցուցադրում է լավ ֆուտբոլ: Ասեմ, որ մենք եւս ունենք լավ թիմ եւ կփորձենք անել առավելագույնը, որպեսզի դրական արդյունքով վերադառնանք Սան Մարինո: Գիտակցում ենք, որ շատ բարդ է լինելու, բայց ամեն բան անելու ենք հաջորդ փուլ դուրս գալու համար: Պատկերացնում ենք դժվարությունը, սակայն տրամադրված ենք հաղթական:

Մենք փոքրիկ թիմ ենք եւ գոհ ենք վիճակահանության արդյունքներից: Երեւանը գեղեցիկ քաղաք է, ստադիոնը եւս լավն է: Որքան դիտել եմ «Փյունիկի» խաղը, դա լավ ու արագաշարժ թիմ է: Մենք մեկ տարի է, ինչ ամրացել ենք եւ կկարողանանք արժանի դիմադրություն ցույց տալ մրցակցին: Մեր ակումբի բոլոր խաղացողներն իտալացիներ են, իսկ Սան Մարինոյի հավաքականից ունենք 4 ֆուտբոլիստներ:

Մեկ անգամ առիթ ունեցել եմ դիտել նաեւ Գյումրիի «Շիրակի» խաղը: Կարծում եմ՝ դա եւս լավ թիմ է, սակայն «Շիրակին» չեմ տեսել Սան Մարինոյի թիմերի դեմ խաղալիս»,- ասաց Նիկոլա Բերարդին:

Մարզիչի հետ ասուլիսին ներկայացել էր նաեւ «Ֆոլգորեի» ավագ Սիմոնե Պաչինին, ով նշեց հետեւյալը. «Մարզիչն արդեն ասաց, որ այստեղ ենք ոչ թե հանգստանալու, այլ խաղալու համար: 0:0 հաշվի համար չենք խաղալու եւ կփորձենք հաղթանակով վերադառնալ տուն»:

Հիշեցնենք, որ «Փյունիկ» - «Ֆոլգորե» խաղը կսկսվի ժամը 20:00-ին: «Ֆոլգորեի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում կմրցի նորվեգական «Մոլդեի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս