21:44  ,  25 հունիսի, 2015

Ժաննա Ստանկեւիչ. Մայրությունն ու սպորտը գրեթե անհամատեղելի են, բայց մեծ ցանկության դեպքում անհնար ոչինչ չկա

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերը հայ մարզիկների համար մոտենում են ավարտին։ Վերջին մասնակիցները ձյուդոիստներն են։ Հունիսի 25-ին տատամի դուրս եկան 60 կգ քաշային կարգի Հովհաննես Դավթյանը եւ Հայաստանի հավաքականի անդամ, ձյուդոյի միջազգային մրցումներում Հայաստանի միակ կին ներկայացուցիչ, ռուս ձյուդոիստ, 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը։

1/16 եզրափակիչում Ստանկեւիչը 0:1 հաշվով պարտվեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Քելի Էդվարդսին եւ դուրս մնաց պայքարից:

Ժաննա Ստանկեւիչը Մոսկվայից է։ Մինչեւ 2011 թվականը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում։ 2011 թվականից ներկայացնում է Հայաստանը։ Մոսկվայում տեղի ունեցած «Մեծ սաղավարտ» մրցաշարի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ժաննա Ստանկեւիչը պատմեց իր մարզական ձեռքբերումների, Ռուսաստանի հավաքականը լքելու եւ Հայաստանը ներկայացնելու պատճառների մասին։

Ժաննա, ինչպե՞ս ես սկսել զբաղվել ձյուդոյով եւ ի՞նչ մարզական ուղի ես անցել:

Ձյուդոյով զբաղվում եմ 8 տարեկանից: Մայրիկս է ինձ տարել ձյուդոյի: Մինչեւ 2011 թվականը հանդես էի գալիս Ռուսաստանի հավաքականում, 2011 թվականից ներկայացնում եմ Հայաստանը: Ձյուդոյով շարունակեցի կարիերաս, քանի որ միանգամից սիրեցի այս մարզաձեւը: Փոքր տարիքում չէինք հասկանում՝ ինչ է, ինչ մարզաձեւ է: Իսկ երբ արդեն տարիների ընթացքում արդյունքներ եղան, հաղթանակներ, վերաբերմունքը աստիճանաբար փոխվեց, նպատակներ դրվեցին, սկսեցի ավելի մասնագիտանալ, ավելի հմտանալ, մարզումներ, մարզադահլիճ: Այսպես ամեն օր եւ արդեն շատ լուրջ նպատակով՝ դեպի Օլիմպիական խաղեր: Ես այս մարզաձեւը իսկապես սիրում եմ: Մինչեւ 2013 թվականը մեծ քայլերով առաջ էի գնում, Հայաստանի հավաքականի կազմում 2012 թվականին Մոկվայում տեղի ունեցած «Մեծ սաղավարտի» մրցաշարում զբաղեցրել եմ երկրորդ տեղը, բացի այդ աշխարհի գավաթի խաղարկություններում երկու անգամ երրորդ տեղ եմ զբաղեցրել: 2013 թվականին դադար եղավ իմ մարզական կարիերայում՝ ես երեխա ունեցա, ապա կրկին վերադարձա տատամի: Այս անգամ արդեն քաշային կարգս փոխեցի՝ նախկինում ես ներկայացնում էի 57 կգ քաշային կարգը, այժմ ես հանդես եմ գալիս 52 կգ քաշային կարգում: Այս քաշային կարգում արդեն ունեմ մեկ հաջողություն՝ մայրանալուց հետո Մինսկում կայացած միջազգային մրցաշարում զբաղեցրի 2-րդ տեղը: Դրանից հետո Պրահայում կայացած մեկ այլ միջազգային մրցաշարում զբաղեցրել էի 5-րդ տեղը: Եվրոպայի նախորդ առաջնությում ես միայն 7-8-րդ տեղերում էի: Չէի մտահոգվում այդ փաստից, քանի որ ես ունեցել էի բավական երկար դադար իմ մարզական կարիերայում: Ինձ հարկավոր էր միայն վերականգնվել մայրանալուց հետո: Հիմա արդեն եկել է այդ ժամանակը, ես արդեն վերականգնվել եմ, արդեն պատրաստ եմ պայքարի մեջ մտնել: Արդեն առաջին արդյունքները կան, իսկ դա արդեն ինձ հուսադրում է, որ վերականգնվել եմ մայրանալուց հետո, լավ մարզավիճակում եմ եւ պատրաստ եմ պայքարել հաղթանակի, մեդալների համար:

Ինչպե՞ս ես համատեղում ընտանեկան կյանքն ու մարզական կարիերան:

Բարդ է, գրեթե անհամատեղելի, բայց մեծ ցանկության դեպքում անհնար ոչինչ չկա: Ուղղակի պետք են հարազատ մարդիկ, ովքեր կօգնեն քեզ համատեղել, եթե նրանք ցանկանում են քեզ տեսնել առավել երջանիկ, կայացած, նպատակներիդ հասած: Այս պարագայում անպայման կհամատեղես նույնիսկ անհամատեղելին: Սկզբում շատ բարդ էր, անչափ կարոտում էի տատամին, մարզադահլիճը, մարզումները, պայքարը: Բայց միեւնույն ժամանակ երեխաս ինձ ուժ էր տալիս, համբերություն էր տալիս, եւ ես համոզված էի, որ այդ ամենը ժամանակավոր է: Ուղղակի գալիս է մի պահ, որ հասկանում ես՝ առանց երեխայի եւ առանց մարզումների չես կարող: Եվ մեկը եւ մյուսը շատ կարեւոր են: Ուղղակի կողքիդ պետք են մարդիկ, ովքեր հավատում են եւ անկեղծ սիրում քեզ եւ ուզում քեզ տեսնել լիարժեք երջանիկ: Ես իմ կողքին ունեմ ծնողներ՝ նրանց անչափ շնորհակալ եմ, որ ինձ օգնում են եւ այդպիսով հնարավորություն տալիս չհեռանալ սպորտից, եւ իհարկե, ամուսինս է ինձ շատ օգնում, ինչի համար նրան էլ եմ շնորհակալ։ Նա միայն կողմ է, որ ես շարունակեմ զբաղվել իմ նախընտրած մարզաձեւով, կառուցեմ իմ մարզական կարիերան: Ամուսինս ինձ շատ օգնում է մարզումների ժամանակ, ինձ հետ գալիս մարզումների, երբեմն նաեւ մրցումների:

Ինչո՞ւ լքեցիր Ռուսաստանի հավաքականը:

Մոտ երկու տարի եղել եմ ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի անդամ, 57 կգ քաշային կարգում երկրորդ համարն էի: Ռուսաստանի թիմում արդյունքներս այդքան բարձր չեն եղել: Ունեցել եմ հաջողություններ, բայց ոչ շատ մեծ: Բայց Ռուսաստանի հավաքականում շատ ծանր ու ինձ համար ոչ հաճելի մթնոլորտ էր, շատ հավաքներ, մարզումնեի այնպիսի համակարգ, որն ինձ համար անընդունելի էր, ես չէի համակերպում դրա հետ, մարզումների այդպիսի համակարգն ինձ ավելի էր խճճում, ավելի շատ հետընթաց էի նկատում, քան առաջխաղացում, հոգեբանորեն ճնշվում էի նման արդյունք տեսնելով եւ երկար ժամանակ այդ անկումային վիճակից չէի կարողանում դուրս գալ, ավելի շատ սթրես էի տանում, որ արդյունք չի լինում: Որոշ ժամանակ անց մի քանի բարի մարդիկ ասացին, որ կարող եմ դիմել Հայաստանի հավաքական՝ շարունակելով իմ մարզական կարիերան այստեղ: Ինձ այստեղ շատ ջերմությամբ եւ սիրով ընդունեցին, ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի հավաքականում ինձ հնարավորություն տրվեց գտնել ինքս ինձ, ստեղծել իմ մարզական կարիերան: Այստեղ ինձ բոլորը շատ լավ են վերաբերվում, ինձ համար անչափ հաճելի է աշխատել Հայաստանի հավաքականի եւ հայ մարզիչների հետ: Ճիշտ է՝ ֆինանսավորումը քիչ է, բայց ես կփորձեմ անել ամեն հնարավորը, որպեսզի արդյունքներ գրանցեմ, մեդալներ նվաճեմ, որպեսզի ֆինանսավորոումս էլ բարձրանա:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով