13:11  ,  2 հունիսի, 2015

Սպորտի նախարար. Եվրոպական խաղերը չեմ համարում Ադրբեջանի PR-ը

Բաքվում անցկացվելիք Եվրոպականխաղերը չեմ համարում Ադրբեջանի PR-ը, սա ընդամենը հերթական միջազգային մարզական միջոցառում է, որին պետք է մասնակցել եւ հաղթել: Սպասելիքներս լավատեսական են, մեդալներ եմ սպասում բոլորից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստնի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Հունիսին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերում Հայաստանը մասնակցելու է 6 մարզաձեւերում՝ բռնցքամարտ, սամբո, ձյուդո, հրաձգություն, թաեքվոնդո եւ ըմբշամարտ (հունահռոմեական եւ ազատ ոճ): Հայաստանի պատվիրակությունում ընդգրկված կլինի 25 մարզիկ. Արման Երեմյան (թաեքվոնդո), Հրաչիկ Բաբայան, Նորայր Առաքելյան (երկուսն էլ՝ հրաձգություն), Տիգրան Կիրակոսյան, Աշոտ Դանիելյան, Սոսե Բալասանյան (բոլորը՝ սամբո), Հովհաննես Դավթյան, Դավիթ Նիկողոսյան, Ժաննա Ստանկեւիչ (բոլորը՝ ձյուդո), Արտյոմ Ալեքսանյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Սամվել Բարսեղյան, Հովհաննես Բաչկով, Նիկոլ Արությունով (բոլորը՝ բռնցքամարտ), Գարիկ Բարսեղյան, Դավիթ Սաֆարյան, Մուսա Մուրտազալիեւ, Լեւան Բերանիձե, Գրիգոր Գրիգորյան, Վոլոդյա Ֆրանգուլյան (բոլորն՝ ազատ ոճի ըմբշամարտ) եւ Ռոման Ամոյան, Կարապետ Չալյան, Մաքսիմ Մանուկյան, Միհրան Հարությունյան (բոլորը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ):

Պարոն Ղազարյան, այս օրերի ամենաքննարկվող թեման Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերում Հայաստանի մասնակցության հարցն է։ Բաքվի Խաղերի հետ կապված ո՞րն է Ձեր վերջնական դիրքորոշումը ։

Ես միշտ արտահայտել եմ իմ սուբյեկտիվ  կարծիքը, հիմա էլ պատրաստ եմ կրկնել, որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Եվրոպական խաղերին եւ մասնակցելու են: Սա Եվրոպական խաղերն են՝ Եվրոպական Օլիմպիական կոմիտեի մարզական միջոցառումը, Բաքվի Խաղերը չեն: Եվ Հայաստանի մասնակցությունը կարեւոր է: Ուղղակի ստացվել է այնպես, որ այդ Խաղերը հյուրընկալելու է Բաքուն:

 Եվրոպական Խաղերը Բաքվում հյուրընկալելը Ադրբեջանի PR-ն է։ Որքանո՞վ է ճիշտ Հայաստանի մասնակցությունը Ադրբեջանի PR-ին։

Համաձայն չեմ Բաքվի Խաղերը Ադրբեջանի PR դրսեւորման հետ: Սա ընդամենը հերթական միջազգային մարզական միջոցառումն է, որին պետք է մասնակցել եւ հաղթել:

Շատ մարզիչներ, մարզիկներ, եւ մարզիկների ծնողներ դեմ եղան Բաքվի Խաղերին մասնակցելուն։ Հասարակությունը երկու մասի բաժանվեց՝ մասնակցել-չմասնակցել։ Այս մթնոլորտը չի՞ ազդի մեր մարզիկների վրա Բաքվում։

Վստահ եմ, որ հայ մարզիկների մոտ կգերակշռեն համառության, պայքարելու պատրաստակամության հատկանիշները եւ մարզիկին հատուկ քաջությունը: Եվ դրանք կօգնեն նրանց Բաքվում հասնելու մարզական լավ հաջողությունների:

Պարոն նախարար, արդեն հայտնի են Բաքվի Խաղերին մասնակից 25 մարզիկների անունները: Ի՞նչ կասեք մասնակից մարզիկների մասին:

Վերջերս ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը կարծիք հայտնեց, որ Բաքու մեկնող յուրաքանչյուր մարզիկ իսկական հերոս է: Ես նույնպես հերոս եմ համարում այս մարզիկներից յուրաքանչյուրին: Մենք շատ լավ կազմով ենք մեկնում Բաքու, մարզիկներից յուրաքանչյուրը հերոս է՝ մարզիկին բնորոշ քաջությամբ ու պայքարելու պատրաստակամությամբ: Նրանք բոլորը պատրաստ են Բաքվում կռիվ տալ եւ պայքարել մինչեւ վերջ: Մեկնում ենք հրաշալի կազմով եւ ուժեղ թիմով: Անկախ արդյունքներից, մեդալ նվաճելուց կամ չնվաճելուց, նրանք հերոսներ են:

Բաքուն երաշխավորել է Հայաստանի պատվիրակության անվտանգությունը։ Ինչպե՞ս է կարգավորվելու անվտանգության հարցը։ Մեր ղեկավարությունն ի՞նչ աշխատանքներ է իրականցնելու այդ ուղղությամբ։

Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերի կազմակերպիչները Միջազգային եւ Եվրոպական օլիմպիական կոմիտերներն են, եւ իրենք նույնպես պատասխանատու են Խաղերի մասնակիցների անվտանգության համար: Այնպես որ, բացի ընդունող կողմի տված երաշխիքներից, դրանք տրվել են նաեւ այդ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Ամեն ինչ արվել է մեր պատվիրակության անդամների անվտանգությունն ապահովելու համար:

Մեր մարզիկներն ապրելու են մյուս երկրների պատվիրակների հետ Օլիմպիական ավանում:

Անհանգստություն, մտահոգություն ունե՞ք:Ի՞նչ եք կարծում, Բաքուն ինչպե՞ս կընդունի հայ մարզիկներին, Հայաստանի պատվիրակությանը։

Կարծում եմ՝ նորմալ է լինելու եւ ընդունելությունը, եւ հետագա ընթացքը:Վերջին հաշվով դա նաեւ ընդունող երկրի հեղինակության հարցն է:

Ինչո՞ւ օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը եւ շատերը այդքան բուռն բացասական արձագանքեցին եւ դեմ էին Հայաստանի մասնակցությանը։ Նույն կերպ նաեւ մասնակցելու ցանկություն չհայտնեցին աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը եւ Արթուր Ալեքսանյանը:

Թե ինչու դեմ հանդես եկան Բաքվի Խաղերին Հայաստանի մասնակցության որոշմանը օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղել իրենց:

Ասեմ ուղղակի, որ մեր օլիմպիական հավաքականի յուրաքանչյուր մարզիկ մեդալի հավակնորդ է: Ցանկանում եմ հաջողություն մաղթել նրանց բոլորին: Բաքվի Խաղերից սպասելիքներս լավատեսական են և մեդալներ եմ սպասում բոլորից:

Բաքվում մրցավարական կողմնակալությունից կկարողանա՞նք խուսափել։

Մրցավարական կողմնակալություն հնարավոր է ամեն տեղ, ուղղակի պետք է ավելի քիչ մտածել այդ մասին, եւ ավելի շատ՝ լավ ելույթ ունենալու եւ հաղթելու մասին:

Իսկ հոգեբանական խնդիրները, ըստ Ձեզ, չե՞ն խանգարի մեր մարզիկներին։

Ես վստահ եմ մերոնց կամային հատկությունների վրա: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու:

Մեր պատվիրակության հետ հոգեբան կլինի՞, հոգեբան կաշխատի՞ մարզիկների հետ Բաքվում։

Մարզական հոգեբանի ինստիտուտը նոր է ձեւավորվում Հայաստանում: Բաքու հոգեբաններ չեն մեկնի, բայց մասնագիտական աջակցություն մեր մարզիկները պարբերաբար ստանում են:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով