23:54  ,  30 մայիսի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց Գերմանիայի Գավաթի եզրափակիչում (ֆոտոշարք)

Դորտմունդի «Բորուսիային» չհաջողվեց տիտղոսով հրաժեշտ տալ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Յուրգեն Կլոպին: Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում դորտմունդցիները 1:3 հաշվով պարտվեցին Գերմանիայի փոխչեմպիոն «Վոլֆսբուրգին», որը տարավ կամային հաղթանակ:

Բեռլինում կայացած հանդիպման 5-րդ րոպեին գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն առաջ մղեց «Բորուսիային», սակայն առաջին խաղակեսում վոլֆսբուրգցիները ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլեւ ընդմիջման գնացին 2 գոլի առավելությամբ: Երկրորդ խաղակեսում Կլոպի թիմի՝ խաղը փրկելու բոլոր փորձերն ապարդյուն էին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման, իսկ 61-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:

«Վոլֆսբուրգը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր, իսկ «Բորուսիան» այդ մրցանակին արժանացել է 3 անգամ: Սա Յուրգեն Կլոպի վերջին խաղն էր դորտմունդյան ակումբում: Այս մրցաշրջանի վերջում նրան փոխարինելու է «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

Գերմանիայի Գավաթ, եզրափակիչ

«Բորուսիա Դ.» - «Վոլֆսբուրգ»՝ 1:3

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 5 – Լուիս Գուստավո, 22, Կեւին Դե Բրույնե, 33, Բաս Դոստ, 38

«Բորուսիա». Միտչել Լանգերակ, Էրիկ Դուրմ (Լուկաշ Պիշչեկ, 68), Նեւեն Սուբոտիչ, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Սեբաստիան Կել (Յակուբ Բլաշչիկովսկի, 68), Իլկայ Գյունդոգան, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս (Չիրո Իմոբիլե, 79), Սինձի Կագավա, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:

«Վոլֆսբուրգ». Դիեգո Բենալիո, Վիեյրինիա, Տիմ Կլոզե, Նալդո, Ռիկարդո Ռոդրիգես, Լուիս Գուստավո, Մաքսիմիլիան Առնոլդ (Անդրե Շյուրլե, 81), Իվան Պերիշիչ (Ջոշուա Գուիլավոգի, 74), Դանիել Կալիջուրի (Կրիստիան Տրաշչ, 85), Կեւին Դե Բրույնե, Բաս Դոստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում