19:51  ,  30 մայիսի, 2015

Հայաստանի 23-րդ առաջնություն. Ամփոփում

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի 23-րդ առաջնությունը, որում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Երեւանի «Փյունիկը»: Մայիսի 30-ին անցկացվեց վերջին՝ 28-րդ տուրը:

Արծաթե մեդալակիր դարձած Երեւանի «Ուլիսի» եւ լավագույն եռյակը եզրափակած Գյումրիի «Շիրակի» պես Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց «Ալաշկերտը», որը վերջին տուրի արդյունքում շրջանցեց «Միկային» եւ գրավեց չորրորդ տեղը:

Հայաստանի առաջնության չորրորդ տեղը եվրագավաթային չէ, սակայն քանի որ գավաթակիր «Փյունիկը» նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր, «Ալաշկերտը» եւս ուժերը կփորձի Եվրոպայի լիգայի որակավորման փուլում: Հայաստանի գավաթակրին նույնպես հատկացված է Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու դարձավ Երեւանի «Փյունիկի» մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն, ով խփեց 22 գոլ եւ մեկ գնդակով առաջ անցավ  Գյումրիի «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհիից:

Երեւանի Հարնապետական ստադիոնում կայացած «Ուլիս» - «Շիրակ» (0:4) խաղից հետո տեղի ունեցավ բոլոր մեդալակիրների մրցանակաբաշխությունը: 

Հիշեցնենք, որ առաջնության ընթացքում «Փյունիկը» 13 միավոր զիջում էր «Ուլիսին», որին գերազանցեց 11 միավոր:

«Փյունիկն» առաջնությունն ավարտեց 61 միավորով, «Ուլիսը»՝ 50, «Շիրակը»՝ 49, «Ալաշկերտը»՝ 38, «Միկան»՝ 37, նախորդ տարվա չեմպիոն «Բանանցը»՝ 32, «Գանձասար Կապանը»՝ 29, իսկ հետնապահ «Արարատը»՝ 13: «Արարատը» դուրս չի մնա Բարձրագույն խմբից, քանի որ Առաջին խմբում հանդես են գալիս միայն ուժեղագույնների լիգայի երիտասարդական թիմերը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում