18:20  ,  30 մայիսի, 2015

«Միկան» պարտվեց «Փյունիկին», «Ալաշկերտը» հաղթեց եւ նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում Հայաստանի երրորդ ներկայացուցիչը դարձավ «Ալաշկերտը»:

Հայաստանի Բարձրագույն խմբի վերջին՝ 28-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված «Փյունիկը» մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոյի դուբլի օգնությամբ 3:2 հաշվով հաղթեց «Միկային», որի պարտությունից օգտվեց «Ալաշկերտը»՝ բարձրանալով չորրորդ տեղ: «Ալաշկերտը» 3:1 հաշվով հաղթեց «Բանանցին» եւ շրջանցեց «Միկային»: Առաջնությունը հաղթանակով ավարտեց նաեւ հետնապահ «Արարատը», որը հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտության մատնեց «Գանձասար Կապանին»:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության չորրորդ տեղը եվրագավաթային չէ, սակայն քանի որ գավաթակիր «Փյունիկը» նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր, «Ալաշկերտը» եւս ուժերը կփորձի Եվրոպայի լիգայի որակավորման փուլում: Հայաստանի գավաթակրին նույնպես հատկացված է Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Առաջնությունը կավարտվի Երեւանի Հարնապետական ստադիոնում ընթացող «Ուլիս» - «Շիրակ» խաղով, որից հետո տեղի կունենա նաեւ բոլոր մեդալակիրների մրցանակաբաշխությունը: Արծաթե մեդալակիր «Ուլիսն» ու երրորդ տեղը գրաված «Շիրակը» եւս ապահովել են Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Հայաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 3:1

Միհրան Մանասյան, 27, Արսեն Բալաբեկյան, 44, Նորայր Գյոզալյան, 88 – Լուբոշ Հանզել, 78

«Գանձասար Կապան» - «Արարատ»՝ 0:3

Կարլո Չուեկա, 36, 52, Բրայան դե լա Ֆուենտե, 89

«Փյունիկ» - «Միկա»՝ 3:2

Սեզար Ռոմերո, 32, Զավեն Բադոյան, 60, 81 – Գեւորգ Կարապետյան, 27, 70

Հեռացում՝ Գագիկ Պողոսյան, 87 («Փյունիկ»)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում