18:02  ,  30 մայիսի, 2015

Արաս Օզբիլիս. Յակինին շնորհակալություն հայտնեցի ամեն ինչի համար

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այս մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ դուրս գալուց հետո կիսվել է տպավորություններով: 25-ամյա ֆուտբոլիստը Պերմի «Ամկարի» դեմ Ռուսաստանի ավարտված առաջնության վերջին տուրի խաղում փոխարինման էր դուրս եկել 73-րդ րոպեին:

«Ծանր մրցաշրջան էր մեզ համար, սակայն ուրախ եմ, որ վերադարձա խաղադաշտ: Հուսով եմ, որ ամեն բան լավ է լինելու: Շնորհակալ եմ Յակինին, ով 20 րոպե խաղալու հնարավորություն տվեց ինձ: Ես նրան շնորհակալություն եմ հայտնել ամեն ինչի համար»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ դա Մուրատ Յակինի վերջին խաղն էր «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Արաս Օզբիլիսը խաղադաշտից բացակայում էր 2014-ի հունիսից, երբ ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք էր ստացել Ալժիրի հավաքականի դեմ ընկերական խաղում: Կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին, որը կկայանա հունիսի 13-ին Երեւանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում