17:10  ,  30 մայիսի, 2015

Հալկը՝ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու, հայ ֆուտբոլիստների ելույթների ամփոփում

Ֆուտբոլի Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկը: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստից 15 գոլ պահանջվեց «Ոսկե խաղակոշիկին» արժանանալու համար: Նա 3 գոլ խփել է 11 մետրանոց հարվածով:

Ռմբարկուների ցուցակում 2-4-րդ տեղերը բաժանեցին ֆինն Ռոման Երյոմենկոն (ԲԿՄԱ), հոլանդացի Կվինսի Պրոմեսը («Սպարտակ») եւ Հալկի թիմակից Սալոմոն Ռոնդոնը, ովքեր խփեցին 13-ական գոլ եւ չեն իրացրել ոչ մի 11 մետրանոց հարված: Լավագույն հնգյակը եզրափակեց Մոկսվայի ԲԿՄԱ-ի իսրայելցի կիսապաշտպան Բիբրաս Նատխոն՝ 12 գոլ:

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 16 խաղում դարձավ 2 գոլի հեղինակ, իսկ Եկատերինբուրգի «Ուրալի» կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը մասնակցեց 18 հանդիպման եւ խփեց 2 գոլ: Պրեմյեր լիգայից դուրս մնացած Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանը 22 խաղում աչքի ընկավ 3 անգամ: Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ծնկի ծանր վնասվածքի պատճառով մասնակցեց միայն վերջին տուրին, իսկ Պերմի «Ամկարի» նորեկ Ռոբերտ Արզումանյանն անցկացրեց 8 խաղ: Բաշկիրիայի «Ուֆայի» հայկական արմատներ ունեցող դարպասապահ Դավիդ Յուրչենկոն անցկացրել է 25 հանդիպում, իսկ նրա թիմակից Դենիս Թումասյանը 21 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին 6 խաղ անցկացրեց Մոկսվայի «Դինամոյի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում