00:11  ,  30 մայիսի, 2015

Նիկիտա Սիմոնյանը գոհ է ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն անդրադարձել է ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին, որում 79-ամյա Յոզեֆ Բլատերը գերազանցեց Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնին եւ 5-րդ անգամ ընտրվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ:

«Ես գոհ եմ: Ուրիշ ո՞ւմ կարող էի աջակցել: Ո՞վ է հայտարարել, որ ԱԱ-2018-ն անցկացվելու է Ռուսաստանում: Բլատերը միշտ բարյացակամ վերաբերմունք է ունեցել ռուսական ֆուտբոլի հանդեպ: Նա շատ բան է արել համաշխարհային ֆուտբոլի համար: Փորձի, պրոֆեսիոնալիզմի եւ դեմոկրատական մոտեցման առումով Բլատերն այս պահին հավասարը չունի ֆուտբոլի կառավարման մեջ: Երբ Բլատերն ավարտի նաեւ այս ժամկետը, բարդ կլինի ընտրել ուրիշին»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ Ցյուրիխում մայիսի 29-ին կայացած ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում շվեյցարացին հավաքեց 133 ձայն, իսկ 39-ամյա Ալի բին Ալ-Հուսեյնին՝ 73, սակայն Հորդանանի արքայազնը հրաժարվեց մասնակցել քվեարկության երկրորդ փուլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում