23:20  ,  29 մայիսի, 2015

Բլատեր. Ես իդեալական չեմ, բայց սիրում եմ իմ աշխատանքը

79-ամյա Յոզեֆ Բլատերը 5-րդ անգամ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ ընտրվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ալի բին Ալ-Հուսեյնին: Նա գրանցեց լավ արդյունք եւ կարող էր շարունակել պայքարը երկրորդ փուլում: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Մենք հավատում ենք ՖԻՖԱ-ին ու նրա համբավին: 4 տարի առաջ կային շատ խնդիրներ, որոնք լուծվեցին: Ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը, որ ՖԻՖԱ-ն պետք է վերադարձնի իր համբավը: Միասին մենք կարող ենք անել դա: Խոստանում եմ, որ իմ նախագահության ժամկետի վերջում ինձ փոխարինողին կհանձնեմ ուժեղ ու հզոր կազմակերպություն: Իմ տարիքը խնդիր չէ: Կան մարդին, որոնք 50 տարեկանում ավելի մեծ են երեւում: Սիրում եմ բոլորիդ, սիրում եմ իմ աշխատանքը: Ես իդեալական չեմ, բայց ոչ ոք էլ իդեալական չէ: Վստահ եմ, որ միասին կկատարենք լավ աշխատանք: Առաջ, ՖԻՖԱ»,- Բլատերի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Ցյուրիխում մայիսի 29-ին կայացած ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում Բլատերի միակ մրցակից, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնին իր հերթին նշել է հետեւյալը. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Սա զարմանալի փորձ էր ինձ համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բավականաչափ քաջություն ունեցան իմ օգտին քվեարկելու համար»:

Հիշեցնենք, որ Յոզեֆ Բլատերը 1998-ից է գլխավորում ՖԻՖԱ-ն եւ 5-րդ անգամ ընտրվեց կազմակերպությունը նախագահ: Քվեարկության առաջին փուլում շվեյցարացին հավաքեց 133 ձայն, իսկ 39-ամյա Ալ-Հուսեյնին՝ 73: Պայքարը տեղափոխվեց երկրորդ փուլ, որին Հորդանանի արքայազնը հրաժարվեց մասնակցել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում