13:28  ,  28 մայիսի, 2015

«Դնեպր» - «Սեւիլիա». Մարզիչների կարծիքները

Իսպանական «Սեւիլիայի» եւ ուկրաինական «Դնեպրի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Միրոն Մարկեւիչ («Դնեպր»). «Այսօր պարտվեցինք հիանալի թիմի, բայց ցուցադրեցինք լավ ֆուտբոլ: Մեր բախտը մի քիչ չբերեց: Մենք առաջին անգամ էինք խաղում եզրափակիչում, իսկ «Սեւիլիան» այստեղ հանդես է եկել մի քանի անգամ, եւ դա նույնպես անդրադարձավ խաղի վրա: Ցավոք, կոպիտ սխալներ թույլ տվեցինք երկրորդ եւ երրորդ գոլերի դրվագներում, թեեւ գիտեինք, որ Կարլոս Բական շատ վտանգավոր է առջեւի գծում: Ամբողջ մրցաշարի ընթացքում մենք վստահ էինք գործում պաշտպանությունում, իսկ այս խաղում եղավ հակառակը: Առաջնությունում ու եվրագավաթներում հաջող հանդես գալու համար մեզ անհրաժեշտ են մի քանի լավ ֆուտբոլիստներ»:

Ունաի Էմերի («Սեւիլիա»). «Սա յուրահատուկ պահ է: Ցանկանում եմ շնորհավորել Սեւիլիային ու մեր բոլոր երկրպագուներին: Շնորհավորում եմ նաեւ ամբողջ Ուկրաինային ու «Դնեպրին», որը հրաշալի էր խաղում մրցաշարում եւ արժանիորեն հասել էր եզրափակիչ: Այժմ լավագույն պահը չէ խոսել ապագայի մասին: Վաղուց եմ հասկացել, որ պետք է վայելել պահը: Իհարկե, Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն իսկական առաջընթաց է: Եվրոպայի լիգայում հաղթելը հեշտ չէր»,- փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ «Սեւիլիան» դարձավ առաջին թիմը, որը ռեկորդային չորրորդ անգամ հաղթեց Եվրոպայի երկրորդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: Վարշավայում կայացած եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Սեւիլիայի» արգենտինացի կիսապաշտպան Էվեր Բանեգան: Այս տարի Եվրոպայի լիգայի հաղթողն առաջին անգամ նվաճելու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարում Իսպանիան կունենա 5 ներկայացուցիչ՝ կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն» ու «Վալենսիան», որը պայքարը սկսելու է որակավորման փուլից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում